ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արհեստական բանականության անվտանգության շուրջ հնչող գոյութենական սպառնալիքի մասին պնդումները «կեղծ» են։ Truth Social հարթակում նա այդ մտահոգությունները համեմատել է գլոբալ տաքացման վերաբերյալ նախկին հայտարարությունների հետ, որոնք նույնպես կեղծ է որակել։
Թրամփը մի քանի հրապարակումներով պնդել է, թե տարածվող նախազգուշացումները չափազանցված են։ Նրա խոսքով՝ սուտ է այն պատկերացումը, թե ԱԲ-ն «կտիրի աշխարհին» կամ ռոբոտները կմտնեն քաղաքներ և կվերացնեն մարդկանց։ Նա նաև գրել է, որ նման հայտարարությունները նույնիսկ ավելի անհեթեթ են, քան 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության կամ գլոբալ տաքացման մասին պնդումները։
ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Anthropic-ի համահիմնադիր Ջեք Քլարկը BBC-ին ասել էր, որ անհրաժեշտ է գտնել մեխանիզմ և կանոններ՝ լիովին անջատելու ԱԲ-ի ծրագրային ապահովումը, եթե այն չափազանց վտանգավոր դառնա։ Ավելի վաղ ԱԲ ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ և աշխատակիցներ ևս նախազգուշացրել էին, որ տեխնոլոգիան կարող է վտանգ ներկայացնել մարդկության համար։
Այս ֆոնին սեպտեմբերի 14-ին որոշ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը վաճառքի են հանվել։ Ներդրողները սկսել են վերագնահատել, թե ԱԲ-ի զարգացման հնարավոր դանդաղումը ինչ հետևանքներ կարող է ունենալ ոլորտի աճի և շուկայական գնահատականների վրա։



Աղբյուր՝ www.1in.am
