Bankomat

Սուրճի թանկացման ֆոնին ԵՄ-ի ներմուծման ծախսերը հասել են 18.7 մլրդ եվրոյի

Լուրեր|2026/10/01 18:47
Սուրճի թանկացման ֆոնին ԵՄ-ի ներմուծման ծախսերը հասել են 18.7 մլրդ եվրոյի

Եվրամիությունում սուրճի գլխավոր մատակարարը 2025 թվականին եղել է Բրազիլիան։

Սուրճի թանկացման պատճառով ԵՄ-ն կրկնապատկել է դրա ներմուծման ծախսերը

Եվրոպական վիճակագրական գրասենյակի հրապարակած տվյալներով՝ 2025 թվականին Եվրամիությունը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծել է 2.9 մլն տոննա սուրճ։ Ֆիզիկական ծավալը 2015 թվականի 2.7 մլն տոննայի համեմատ աճել է միայն փոքր չափով, սակայն ներմուծման արժեքը նույն ընթացքում կտրուկ ավելացել է՝ 8.6 մլրդ եվրոյից հասնելով 18.7 մլրդ եվրոյի։

ԵՄ-ի հիմնական մատակարարը եղել է Բրազիլիան։ Այդ երկրից ներմուծվել է 1 005 200 տոննա սուրճ, ինչը կազմում է ԵՄ-ից դուրս երկրներից ներմուծման ընդհանուր ծավալի 34%-ը։ Երկրորդ տեղում Վիետնամն է՝ 587 500 տոննա կամ 20%։ Հաջորդում են Ուգանդան՝ 262 400 տոննա (9%), Կոլումբիան՝ 162 900 տոննա (6%) և Հոնդուրասը՝ 136 500 տոննա (5%)։

Ներմուծող երկրների թվում առաջին տեղում Գերմանիան է, որին բաժին է ընկել մատակարարումների մոտ մեկ երրորդը՝ 1 010 500 տոննա կամ 34%։ Այնուհետև գալիս են Իտալիան՝ 608 000 տոննա (21%), Իսպանիան՝ 281 600 տոննա (10%), Բելգիան՝ 269 200 տոննա (9%) և Նիդեռլանդները՝ 216 600 տոննա (7%)։

Միևնույն ժամանակ, 2025 թվականին հենց Եվրամիության տարածքում արտադրվել է ավելի քան 2.2 մլն տոննա վերամշակված սուրճ՝ առանց կոֆեինի կամ բոված սուրճ, ներառյալ սուրճի փոխարինիչները։ Սա 12%-ով ավելի է, քան 2015 թվականին, իսկ արտադրության արժեքը հասել է գրեթե 19 մլրդ եվրոյի։

Արտադրության ծավալով առաջատարը Գերմանիան է՝ 561 200 տոննա կամ ԵՄ ընդհանուր արտադրության 25%-ը։ Նրան հաջորդում են Իտալիան՝ 514 200 տոննա (23%), Իսպանիան՝ 211 900 տոննա (10%), Ֆրանսիան՝ 146 800 տոննա (7%), Լեհաստանը՝ 134 800 տոննա (6%), Շվեդիան՝ 79 400 տոննա (4%) և Ֆինլանդիան՝ 39 000 տոննա (2%)։ Զեկույցում նշվում է, որ այս յոթ երկրներին բաժին է ընկել ԵՄ-ում սուրճի արտադրության ընդհանուր ծավալի 77%-ը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ