Bankomat

Pokémon-ի քարտերը դարձել են բարձրարժեք ներդրումային ակտիվ

Լուրեր|2026/09/16 11:46
Pokémon-ի քարտերը դարձել են բարձրարժեք ներդրումային ակտիվ

Financial Times-ի տվյալներով՝ շուկա են մտնում նոր ներդրողներ, իսկ հազվագյուտ քարտերի գները հասնում են միլիոնների։

Pokémon-ի հավաքածու-քարտերի շուկան այլևս միայն մանկական հետաքրքրություն չէ։ Financial Times-ը, հղում անելով դիլերներին, վերլուծաբաններին և առևտրային հարթակների տվյալներին, գրում է, որ այդ քարտերը վերածվել են ակտիվների առանձին դասի, իսկ ամբողջ շուկան գնահատվում է միլիարդավոր դոլարներ։

Պարբերականի գնահատմամբ՝ հատկապես հազվագյուտ նմուշների նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ Առանձին քարտեր վաճառվում են միլիոնավոր դոլարներով, իսկ շուկայի մասնակիցները նկարագրում են իրավիճակը որպես չափազանց գերտաքացած։

FT-ը որպես օրինակ ներկայացնում է 34-ամյա բրիտանացի Ջորդան Դանի պատմությունը։ Նա 2025 թվականին թողել է Չեսթերի իրավաբանական ընկերությունում տվյալների վերլուծաբանի աշխատանքը, երբ իր հոբբին սկսել էր ավելի շատ եկամուտ ապահովել, քան հիմնական զբաղվածությունը։ Դանի խոսքով՝ նա տարեկան 70 հազար ֆունտ եկամտից անցել է բազմամիլիոնանոց բիզնեսի կառավարման։

Նրա խոսքով՝ վերջին 12 ամիսներին շուկան կտրուկ փոխվել է, քանի որ այնտեղ ակտիվորեն մտնում են բանկիրներ, ներդրողներ, իրավաբաններ և կրիպտոարժույթների սիրահարներ։ Դանը նշել է, որ շատ գնորդներ փորձում են գնել գրեթե ամեն ինչ՝ անկախ գնից։

eBay-ի հավաքածու-իրերի ուղղության գլոբալ ղեկավար Ադամ Այրլենդը FT-ին ասել է, որ այստեղ գործում է «երկակի էֆեկտ»։ Մի կողմից մարդիկ գնում են այն, ինչը հիշեցնում է երիտասարդությունը, մյուս կողմից՝ այժմ ունեն ազատ միջոցներ։ Նրա գնահատմամբ՝ շուկայի այս հատվածում խոշոր գումարներ ծախսում են ոչ թե պարզապես խաղալ ցանկացողները, այլ նրանք, ովքեր քարտերը դիտարկում են որպես «ակտիվների նշանակալի դաս»։

Cardfolio հարթակի համահիմնադիր Օզ Քարան էլ նշել է, որ շուկան փաստացի բաժանվել է երկու մասի։ Նրա խոսքով՝ ժամանակակից քարտերի դեպքում The Pokémon Company-ին ոչինչ չի խանգարում կրկին տպագրել դրանք, մինչդեռ վինտաժային քարտերն իսկապես սահմանափակ են և հազվագյուտ։

FT-ի տվյալներով՝ 2002 թվականի Legendary Collection շարքի Pikachu-ի տարբերակներից միայն 35 օրինակ է ստացել PSA 10 գնահատական։ Այդ մակարդակի քարտը գնահատվում է մոտ 250 հազար ֆունտ, մինչդեռ PSA 9 գնահատականով նույն քարտն արժե մոտ 15 հազար ֆունտ։

Թերթը նաև նշում է, որ բումի հետևանքով ծանրաբեռնվել են քարտերի գնահատման ծառայությունները։ Օգոստոսին PSA-ը մշակել է ավելի քան 1.3 մլն Pokémon քարտ, ինչը տասն անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ամսին։ Միաժամանակ մեծացել է նաև ոլորտի լսարանը. Բրիտանիայում անցկացվող Card Con միջոցառման այցելուների թիվը կրկնապատկվել է և հասել 10 հազարի։ FT-ի փոխանցմամբ՝ գնորդներից մի քանիսը միջոցառման էին եկել կանխիկ գումարով փակված արկղերով, իսկ որոշ վաճառողներ անվտանգության նկատառումներից ելնելով չեն ցանկացել հրապարակել իրենց անունները։

Փետրվարին South China Morning Post-ը հայտնել էր, որ հազվագյուտ Pikachu Illustrator քարտը, որը նախկինում պատկանել էր ամերիկացի բլոգեր Լոգան Փոլին, վաճառվել է 16.5 մլն դոլարով։ Այդ գործարքը ռեկորդային է դարձել և լոտը ճանաչվել է աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ քարտը աշխարհում։

Ապրիլին BBC-ն էլ գրել էր բրիտանացի Էնդրյու Բրաունդի մասին, որը կարողացել էր հոգալ իր հարսանիքի ծախսերը՝ վաճառելով Pokémon-ի երեք քարտ։ Դրանց ընդհանուր արժեքը կազմել էր 32.8 հազար ֆունտ։ Բրաունդը այդ քարտերը հավաքել էր 8-15 տարեկանում, իսկ տարիներ անց, ընտանիքի տեղափոխության ժամանակ, կրկին գտել էր ձեղնահարկում պահված հավաքածուն, որտեղ կային նաև հազվագյուտ նմուշներ։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ