Bankomat

ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն

Լուրեր | 2026/07/09 12:01

ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն

ՊԵԿ-ը պայքարում է ստվերային տնտեսության դեմ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք:

Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները:

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերը և գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը:

Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայտվել են ընկերության հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ:

Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն:

Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում:

Այսպիսով, նախնական հաշվարկներով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ:

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ