Bankomat

Փաստաբանը քննադատել է ապօրինի ծագման գույքի գործերով հաշտության վերացման առաջարկը

Լուրեր|2026/09/16 14:04
Փաստաբանը քննադատել է ապօրինի ծագման գույքի գործերով հաշտության վերացման առաջարկը

Արամ Օրբելյանի խոսքով՝ գործող մեխանիզմի խնդիրները չեն լուծվի հաշտության տարբերակը փակելով։

cinéPANcultPANeventaPANLatest news from Armenia and around the worldcinéPANcultPANeventaPANLatest news from Armenia and around the world

Concern Dialog իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր և փաստաբան Արամ Օրբելյանը խաբուսիկ է համարել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով հաշտության համաձայնությունների հնարավորությունը վերացնելու առաջարկը։ Այդ մասին, PAN-ի փոխանցմամբ, նա ասել է՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Վարչապետը հայտարարել էր, որ հանձնարարել է փոփոխել ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը և դրանից հանել հաշտության վերաբերյալ դրույթը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկին պաշտոնյաներին արդեն բավարար ժամանակ էր տրվել, որպեսզի վերադարձնեն, իր ձևակերպմամբ, պետությունից թալանված գույքը, և այժմ պետք է բռնագանձվի այդ գույքի 100%-ը։

Օրբելյանի գնահատմամբ՝ ներկայիս համակարգի տրամաբանության մեջ 75% վճարելու պայմանով հաշտությունը ինքնին հակասական է։ Նա նշել է, որ 75%-ը ֆիքսված պայմանավորվածություն չէ, այլ այն նվազագույն շեմն է, որից ցածր դատախազությունը համաձայնություն կնքելու իրավունք չունի։ Փաստաբանի խոսքով՝ եթե դատախազությունը վստահ է իր ապացույցների վրա և համոզված է, որ կհաղթի գործը, ապա հաշտության հարց ընդհանրապես չպետք է քննարկվի։

Միևնույն ժամանակ նա պնդել է, որ վարույթների ընթացքում եղել են անհարկի ձգձգումներ, այդ թվում՝ հենց դատախազության մեղքով, և այդ պատճառով քաղաքացիները հաճախ նախընտրել են որոշ գումար վճարել, խուսափել երկար դատավարություններից և շարունակել իրենց գործերը։ Սակայն, ըստ Օրբելյանի, դատախազությունը 75%-ից պակաս պայմաններով հաշտության չի գնացել։

Փաստաբանը նաև նշել է, որ բազմաթիվ գործերով ներկայացվող պահանջները անհիմն ուռճացվել են՝ 100 միլիոն դրամից հասնելով մինչև 10-20 միլիարդ դրամի։ Նրա խոսքով՝ երբ անձը փորձում է վճարել այդ 75%-ը, ստացվում է, որ պետք է վճարի ավելին, քան իրականում ունի տվյալ պահին։ Այդ պատճառով, Օրբելյանի կարծիքով, ավելի տրամաբանական է գործը հասցնել մինչև վերջ, քանի որ նույնիսկ ամենավատ դեպքում մարդը կարող է սնանկանալ և զիջել ունեցածը, բայց պարտքերի մեջ չի ընկնի այնպես, ինչպես կարող էր լինել հաշտության դեպքում։

Օրբելյանը նաև ընդգծել է, որ օրենքով ստեղծված մեխանիզմը նախատեսված էր ոչ թե արդեն թալանվածը վերադարձնելու, այլ թալանը կանխելու և այն կանգնեցնելու համար։ Նա վարչապետի այն պնդումը, թե նախկին պաշտոնյաներին բավական ժամանակ էր տրվել վճարումներ կատարելու համար, ևս մեկ խաբեություն է անվանել՝ պնդելով, որ իրականում որևէ մեկին հնարավորություն չի տրվել գումարով ավարտել գործընթացը։

Նրա խոսքով՝ բացառություն կարող էին լինել միայն իրավիճակները, երբ կողմերը մտնում էին, ինչպես ինքն է բնորոշել, «համաձայնեցված խաբեության» դաշտ։ Օրբելյանը նշում է, որ նման մոտեցումը ոչ թե պայքարում է կոռուպցիայի դեմ, այլ խորացնում է այն։

2020 թվականին ընդունված և այժմ գործող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ այն անձը, որի նկատմամբ հարուցվել է նման վարույթ, կարող է հաշտության համաձայնություն կնքել, եթե պարտավորվում է պետությանը փոխանցել ապօրինի ճանաչված գույքի արժեքի մինչև 75%-ը։ Գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով՝ մինչ այժմ կնքվել է 11 հաշտության համաձայնություն, իսկ բռնագանձված գումարը գերազանցել է 15 միլիոն դոլարը։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ