Bankomat

Փաշինյանն ու Բելոզյորովը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկաթուղու կոնցեսիայի շուրջ

Լուրեր|2026/10/14 20:02
Փաշինյանն ու Բելոզյորովը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկաթուղու կոնցեսիայի շուրջ

Կողմերը հայտարարել են, որ կոնցեսիան դադարեցնելու հարցը հանդիպմանը չի քննարկվել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարց օրակարգում չի եղել, և քննարկումը վերաբերվել է գործող համաձայնագրի կատարմանը ու հետագա համատեղ աշխատանքին։

Բելոզյորովը «Ազատությանն» ասել է, որ կոնցեսիան պահելու կամ չպահելու հարց չի բարձրացվել, իսկ բանակցությունները ռուսական կողմը գնահատում է արդյունավետ։ Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները, կառավարման արդյունավետությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Երևանը նաև հայտնել է, որ Փաշինյանն ու Բելոզյորովը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ խնդիրները սեղմ ժամկետում քննարկելու համար։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ այդ խումբը պետք է գնահատի Հայաստանի երկաթուղիներով տրանզիտային հնարավորությունները։

Վերջին ամիսներին Երևանը բազմիցս հայտարարել էր, որ գործող կոնցեսիոն մոդելը սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում օգտվել ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից։ Փաշինյանը նախկինում նաև առաջարկել էր կառավարումը փոխանցել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, իսկ որպես հնարավոր թեկնածու նշել էր Ղազախստանը։

Ռուսական կողմը մինչ այդ արձագանքել էր, որ պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող է հետ պահանջել կատարված ներդրումները՝ 400 միլիոն դոլարը։ Գործող համաձայնագրով ռուսական ընկերությունը 30 տարով ստանձնել է հայկական երկաթուղու կառավարումը մինչև 2038 թվականը, իսկ այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է համապատասխան առաջարկներ ներկայացնեն մինչև 2027 թվականի օգոստոսը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Երասխից ադրբեջանական Նախիջևան և Ախուրիկից Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնման հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակել այդ նախագծերից բխող հնարավորությունների շուրջ։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ