Bankomat

Փաշինյան․ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավումը պետք է նպաստի տոկոսադրույքների նվազմանը

Լուրեր|2026/09/16 15:44
Փաշինյան․ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավումը պետք է նպաստի տոկոսադրույքների նվազմանը

Վարչապետի խոսքով՝ արտաքին ռիսկերը միաժամանակ շարունակում են գնաճային ճնշում ստեղծել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր փոփոխությանը՝ նշելով, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հետևողական բարելավումը պետք է նպաստի տոկոսադրույքների որոշակի նվազմանը։

Վարչապետը հիշեցրել է, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չէր բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացման հավանականությունը՝ ԿԲ խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 6.75% բարձրացնելու որոշման ֆոնին։ Միաժամանակ, ԿԲ նախագահը շեշտել էր, որ դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը ինքնին չի նշանակում բանկային տոկոսադրույքների անհապաղ աճ։

Պատասխանելով պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին՝ վարկային բեռը զսպելու ուղղությամբ քայլերի մասին, Փաշինյանը նշել է, որ տոկոսադրույքների վրա ազդում են ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոններ։ Նրա խոսքով՝ համաշխարհային գործընթացները ևս առաջացնում են գնաճային երևույթներ, այդ թվում՝ Ռուսաստանին և Ուկրաինային առնչվող հակամարտությունը, ինչպես նաև Օրմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հետևողական աճը պետք է նաև հանգեցնի տոկոսադրույքների որոշակի նվազման։ Բայց չենք կարող չընդունել, որ զուգահեռաբար ընթանում են գլոբալ գործընթացներ, որոնք բերում են գնաճային երևույթների», - ասել է վարչապետը։

Նա նաև հավելել է, որ կառավարությունը պարբերաբար աշխատանքային ձևաչափով քննարկում է այդ և այլ հարցեր։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հուլիսին առևտրային բանկերի վարկային գործարքների միջին տոկոսադրույքը կազմել է 12.51%՝ հունիսի 13.18%-ի դիմաց։

Սուվերեն վարկանիշներ

2026 թվականի հուլիսին Fitch Ratings-ը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «Պոզիտիվ» կանխատեսմամբ։

Նույն ամսին Moody’s Ratings-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխել է «պոզիտիվի»՝ հաստատելով ազգային և արտարժույթով երկարաժամկետ թողարկողի վարկանիշները Ba3 մակարդակում։

2026 թվականի օգոստոսին S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները «BB-/B» մակարդակում՝ պահպանելով «պոզիտիվ» կանխատեսումը։

Գնաճի ֆոն

Արմստատի տվյալներով՝ Հայաստանում 2026 թվականի օգոստոսին, 2025 թվականի օգոստոսի համեմատ, արձանագրվել է 4.4% գնաճ։ Այդ ընթացքում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 2.8%-ով։

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճը նախատեսված է 3% (±1%) մակարդակում։ ԿԲ-ի՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն, 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), սպասվում է 4.5-4.2% միջակայքում։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ