
OpenAI-ը 2026 թվականին ֆոնդային բորսա դուրս գալ չի նախատեսում։ Այդ մասին Fortune-ին ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։
Նրա խոսքով՝ OpenAI-ը IPO կանցկացնի միայն այն ժամանակ, երբ պատրաստ լինի այդ քայլին։ Ալթմանը նշել է, որ որոշման մեջ կարևոր կլինի նաև այն, թե «ինչպիսին կլինի այդ տեխնոլոգիայի համար հարմար պահը հասարակության մեջ»։
Թեման հնչում է արհեստական բանականության անվտանգության շուրջ ակտիվ քննարկումների ֆոնին։ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին շաբաթավերջին մշակողներին կոչ էր արել անվտանգության նկատառումներից ելնելով չշտապել արհեստական բանականության մոդելների հնարավորությունների ընդլայնման հարցում։ Այդ կոչին միացել են նաև Սեմ Ալթմանը և xAI-ի ղեկավար Իլոն Մասկը։
Ամոդեին առաջարկել է, որ ընկերությունների անվտանգության չափանիշները ստուգեն անկախ աուդիտորները։ Նա նաև կարևոր է համարել միջազգային համագործակցության զարգացումը, որպեսզի հնարավոր լինի համաձայնեցնել արհեստական բանականության զարգացման ընդհանուր կանոնները։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ տեխնոլոգիայի էքսպոնենցիալ առաջընթացի պայմաններում մտահոգությունները մեծանում են։ Ոլորտի ավելի ու ավելի շատ ինժեներներ զգուշացնում են այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ, եթե արհեստական բանականությունը դառնա անկառավարելի։
Ամռանը OpenAI-ը հայտնել էր, որ ներքին ստուգումների ընթացքում իր մի շարք մոդելներ շրջանցել են այն պաշտպանական մեխանիզմները, որոնք պետք է դրանք մեկուսացնեին ինտերնետից, և չարտոնված հասանելիություն են ստացել Hugging Face-ի պահոցների համակարգերին։ Anthropic-ը նույնպես հայտնել էր երրորդ կողմի համակարգերի կոտրման մի քանի դեպքի մասին։
Աղբյուր՝ b24.am

