Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում հոկտեմբերի 11-ին հարձակման են ենթարկվել երկու լցանավ, որոնց անձնակազմերում եղել են Հնդկաստանի քաղաքացիներ։ Դեպքերի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը։
Նրա փոխանցմամբ՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող M/T Valthera լցանավը կիրակի օրը Հորմուզի նեղուցում խոցվել է անհայտ արկով։ Նավի վրա հրդեհ է բռնկվել, սակայն անձնակազմի բոլոր 11 անդամները՝ Հնդկաստանի քաղաքացիներ, չեն տուժել։
Սոնովալը նշել է, որ հնդկական կողմը հետևում է իրավիճակի զարգացմանը և կապ է պահպանում նավի կառավարման ընկերության հետ՝ նավաստիների անվտանգությունն ապահովելու համար։
Նույն օրը անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել նաև MT Petro Dolphin լցանավը, որը խարիսխ էր գցել Օմանի Սոհար քաղաքի ափերի մոտ։ Այդ նավի վրա նույնպես եղել են 11 հնդիկ նավաստիներ։
Ըստ նախարարի՝ հաջողվել է փրկել անձնակազմի ինը անդամի, իսկ երկուսը շարունակում են համարվել անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են տեղական առափնյա պահպանության մասնակցությամբ, իսկ հնդկական իշխանությունները համակարգում են աշխատանքները համապատասխան կառույցների հետ։

Աղբյուր՝ lurer.com
