Bankomat

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին

Լուրեր | 2026/07/04 07:03

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին

«Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Երևանի սիրված վայրերից մեկը՝ Կասկադ համալիրը, որը տասնամյակներ շարունակ հանդիսանում է մայրաքաղաքի գլխավոր այցեքարտերից մեկը, վերջապես կստանա իր արժանի, ամբողջական և ժամանակակից տեսքը։ Օրերս ստորագրվել է ռազմավարական համագործակցության հուշագիր «Ռենշին» ընկերության և «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ի միջև, ինչը ենթադրում է բացառիկ ուժերի միավորում՝ հանուն քաղաքի ու մշակույթի։

Այս գործընկերությամբ «Ռենշին» ընկերությունը ձեռք է բերում Կասկադ համալիրի նախագծի բաժնեմաս՝ իր հետ բերելով գրեթե 25 տարվա հարուստ փորձ և շուրջ 1 միլիոն քառակուսի մետր պրեմիում դասի կառուցապատման հաջողված հետագիծ։ «Ռենշինի» կողմից իրականացվող խոշորագույն նախագծերը՝ Artlife Kempinski Residences Yerevan-ը, Համաշխարհային առևտրի կենտրոնը (WTCY), հայաստանյան առաջին երկնաքերերի Skyline թաղամասն ու «Թումանյան 8»-ը, փաստում են, որ Կասկադի կառուցապատումը գտնվելու է հուսալի ձեռքերում։

Սակայն այս միավորումը միայն բիզնես և քաղաքաշինություն չէ. սա առաջին հերթին սոցիալական բարձր պատասխանատվություն է և հանձնառություն՝ պահպանելու և զարգացնելու քաղաքի մշակութային ժառանգությունը։ Պատահական չէ, որ և՛ «Ռենշին»-ը, և՛ GTB հոլդինգը մշակույթին աջակցելու ընդհանուր տեսլական ունեն. երկու ընկերություններն էլ հանդիսանում են տաղանդավոր պատանի երաժիշտներին աջակցող «Music for future» (Երաժշտություն հանուն ապագայի) հիմնադրամի խոշոր հովանավորներ ու գործընկերներ։ Եվ հենց այս մշակութակենտրոն մտածելակերպն է դրվելու նոր Կասկադի հիմքում։

Այս մասին է վկայում նաև «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը.

«Մեզ համար Կասկադը շատ ավելին է, քան ուղղակի քաղաքաշինական ծրագիր. այն Երևանի իսկական սիրտն ու հոգին է: Ստորագրելով այս հուշագիրը՝ մենք պատասխանատվություն ենք ստանձնում նոր շունչ հաղորդելու մայրաքաղաքի կարևորագույն այցեքարտին՝ ապահովելով անզիջում որակ և միջազգային լավագույն չափանիշներ։ Գնահատելով մեր գործընկերների կողմից նախագծի մեկնարկի ապահովումը՝ մենք այժմ մեծ վստահությամբ միանում ենք այս գործընթացին։ Մեր նպատակն է ավելի քան երկու տասնամյակի մեր ողջ փորձառությունն ուղղել Երևանի արդիական դիմագծի կերտմանը՝ ստեղծելով նշանային մի կառույց, որը կգերազանցի թե՛ հանրության, և թե՛ մասնագիտական հանրույթի սպասելիքները»։

Իր հերթին GTB Դիվելոփմենթ ընկերության տնօրեն Գոռ Միքայելյանը շեշտում է, որ այս համագործակցությունը կյանքի է կոչվել երևանցիների շահերից ելնելով:

«Այս նախագծում մեր գլխավոր ուղենիշը Երևանի շահն է և Կասկադի լիարժեք հաջողությունը։ Հենց այս գիտակցումով էլ մենք ռազմավարական որոշում կայացրեցինք ուժերը միավորել քաղաքաշինական ոլորտի բացարձակ առաջատարի հետ։ «Ռենշինի» ֆինանսական անսասանությունը, ձևավորված բարձր հեղինակությունն ու մեգանախագծերի կառավարման բացառիկ փորձառությունը հանդիսանում են այն գլխավոր երաշխիքը, որ մեր համաքաղաքացիները վերջապես կստանան այն Կասկադը, որին երկար տարիներ սպասել են: Սա իսկապես աննախադեպ միավորում է՝ հանուն մեր քաղաքի ապագայի»։

Ստորագրված հուշագիրն ազդարարում է մայրաքաղաքի գլխավոր մշակութային և քաղաքաշինական հանգույցի զարգացման առավել դինամիկ և վստահելի փուլ։ Առաջիկայում ընկերությունները հանրությանը կներկայացնեն նախագծի ճարտարապետական լուծումներին, կառավարմանը և համաշխարհային գործընկերներին վերաբերող մանրամասները:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ