Bankomat

Նոր հարկային բեռ քաղաքացիների վրա

Լուրեր | 2026/07/05 08:02

Նոր հարկային բեռ քաղաքացիների վրա

Կառավարությունը ավելացնում է հարկային բեռը

Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր ունի ու ամեն անհեթեթ պատճառաբանությամբ այս ու այն տեղ ավելացնում է հարկային բեռը։ Ստվերի դեմ պայքարելու անվան տակ՝ հիմա էլ որոշել են ոչ միայն քաղաքացիների բջջային հեռախոսները վերցնել համատարած հսկողության տակ, տիրապետել բոլորի անձնական տվյալներին ու շարժերին, այլև գումարներ գանձել։ Պատրաստվում են անգամ անձնական օգտագործման նպատակով քաղաքացիների կողմից ներմուծված հեռախոսների վրա տուրք դնել։

Եթե հաջողացնեն անել այն, ինչ մտքներին դրել են, ապա քաղաքացին դրսից անձնական հեռախոս բերելու ժամանակ պարտադրված է լինելու տուրք վճարել՝ նույնականացման ու կոդերի միասնական շտեմարանում գրանցելու համար։ Հակառակ դեպքում՝ բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը։

Խոսում են բջջային հեռախոսների «սև շուկայի» դեմ պայքարելու մասին, բայց քաղաքացու հարկային բեռն են ավելացնում՝ 3 հազար դրամ առաջին հեռախոսի համար։

Նույն տարում մեկից ավելի բջջային հեռախոս բերելու դեպքում, ասենք՝ ընտանիքի անդամների համար, քաղաքացին պարտադրված կլինի վճարել ընդհուպ մինչև 100 հազար դրամ՝ յուրաքանչյուր հեռախոսի համար։

Բիզնես նպատակով հեռախոսներ ներմուծելու պարագայում էլ, 3 հազար դրամից բացի՝ կգանձեն ևս 250 հազար դրամի տուրք։ Այդ գումարն էլ, բնականաբար, գների բարձրացման միջոցով՝ վերջում վճարելու է քաղաքացին, գումարները դուրս են գալու քաղաքացու գրպանից։

Հայտարարում են, թե սա անում են բջջային հեռախոսների շուկայում ստվերի դեմ պայքարելու համար։ Բայց հարկային բեռի ավելացումն ի՞նչ կապ ունի ստվերի դեմ պայքարի հետ։ Պետտուրք գանձելով՝ ոչ թե ստվերի դեմ են պայքարում, այլ քաղաքացիների հաշվին բյուջեն լցնելու խնդիր են լուծում։

Մասնագետները սրա տակ բազմաթիվ վտանգներ ու խնդիրներ են տեսնում։ «Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք՝ ի՞նչ է նախատեսվում իրականում. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»,- արձագանքելով կառավարության այս նորամուծությանը՝ իր մտահոգություններով է կիսվել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ