Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկները։
Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակում է քննարկել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունները։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը կընդունվի առաջիկայում։
Վարչապետն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ։ Ըստ նրա՝ հաշվի կառնվեն գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։
Ալեքսեյ Լիխաչովը, իր հերթին, ասել է, որ հայաստանյան գործընկերների հետ կա կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ուղղությամբ։
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը նաև ներկայացրել է նոր ԱԷԿ-ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների վերաբերյալ մանրամասներ։

Աղբյուր՝ panorama.am
