Bankomat

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի պատվիրակությանը

Լուրեր | 2026/06/28 07:02

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի պատվիրակությանը

Այցը կարևոր է տարածաշրջանային համագործակցության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը:

Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ