Bankomat

Նավթամուղների հարվածները մեծացնում են էներգետիկ շուկայի երկարատև ռիսկերը

Լուրեր|2026/09/15 18:44
Նավթամուղների հարվածները մեծացնում են էներգետիկ շուկայի երկարատև ռիսկերը

Reuters-ի գնահատմամբ՝ շուկայի գլխավոր հարցը դարձել է, թե որքան երկար կհերիքեն առկա պաշարները։

Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումն ու Եմենում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ռազմավարական նշանակության նավթամուղի դեմ անօդաչուների հարվածները փոխել են էներգետիկ շուկայի գնահատականները։ Եթե նախկինում Իրանի հետ պատերազմը դիտվում էր որպես համաշխարհային մատակարարումների կարճաժամկետ ցնցում, այժմ շուկան ավելի ու ավելի է հաշվի առնում երկարատև խափանումների սցենարը։

Reuters-ի սյունակագիր Ռոն Բուսսոն նշում է, որ հիմնական հարցն այլևս այն չէ, թե արդյոք շուկան կարձագանքի, այլ այն, թե որքան ժամանակ այն կկարողանա աշխատել ներկա պայմաններում։ Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ էներգակիրների համաշխարհային արտադրության առանցքային տարածաշրջան, և այնտեղից մատակարարումների շարունակական խաթարումը արագորեն սահմանափակում է շուկայի դիմադրողականությունը։

Գնահատականների համաձայն՝ եթե Պարսից ծոցի երկրների նավթի արտահանումը կրճատվի կիսով չափ, համաշխարհային շուկան պակասը դեռ մի քանի ամիս կկարողանա ծածկել։ Սակայն այդ հնարավորությունը սահմանափակ է։ Պատերազմից առաջ տարածաշրջանին բաժին էր ընկնում նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, իսկ արտահանման արդեն իսկ եղած խափանումները նվազեցրել են հասանելի պաշարները։

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ հակամարտության սկզբից համաշխարհային պաշարները կրճատվել են 507 մլն բարելով, ինչը համարժեք է օրական մոտ 2.8 մլն բարելի։ Սա նշանակում է, որ շուկան պահուստների հաշվին դեռ դիմանում է, բայց այդ պահուստային բարձիկը արագորեն փոքրանում է։

Reuters-ի փոխանցմամբ՝ շուկան երկար ժամանակ ակնկալում էր, որ Դոնալդ Թրամփը կկարողանա կանգնեցնել հակամարտությունը, երբ բենզինի թանկացումը և քաղաքական ծախսերը չափազանց մեծ դառնան։ Բայց այդ հաշվարկը ենթադրում էր նաև, որ Թեհրանը պատրաստ կլինի փոխզիջման, մինչդեռ նման ազդակներ առայժմ գրեթե չեն երևում։

Իրանի ղեկավարությունը հակամարտությունը դիտարկում է որպես գոյատևման պայքար և, հնարավոր բանակցություններից առաջ, շահագրգռված է ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության վրա տնտեսական ճնշումը մեծացնելու մեջ։ Միաժամանակ Վաշինգտոնն ավելի է խստացնում իրանական նավթի արտահանման սահմանափակումները՝ բարձրացնելով երկար դիմակայության տնտեսական գինը Իրանի համար։

Հութիների գործողություններն ու Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների դեմ հարձակումները, ըստ Reuters-ի, կարող են ժամանակավորապես ուժերի հարաբերակցությունը փոխել հօգուտ Թեհրանի։ Ռոն Բուսսոյի գնահատմամբ՝ աճող ճնշումը կարող է ի վերջո կողմերին հասցնել բանակցությունների, բայց հավանական է նաև, որ նրանք շարունակեն դիմակայությունը՝ փորձելով նոր տնտեսական կամ ռազմական առավելություններ ստանալ։

Reuters-ը գլխավոր վտանգը տեսնում է նրանում, որ պատերազմը կարող է ձգվել ևս երկար ամիսներ։ Այդ դեպքում մատակարարումների նոր խափանումները կարող են վրա հասնել այն պահին, երբ շուկան այլևս գրեթե չի ունենա բավարար պահուստներ՝ առաջարկի հերթական կրճատումը փոխհատուցելու համար։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ