Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, TASS-ի փոխանցմամբ՝ հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ Միշուստինը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է նախատեսել, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները: Նշվում է, որ հենց այս շրջանակում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի հետ բանակցությունները:
Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը առանձին հանդիպումներ կունենա Բելառուսի և Ղրղզստանի վարչապետների հետ:
Հայաստանի կառավարությունից հանդիպման վերաբերյալ առայժմ չի հաղորդվում:
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի միջև հեռախոսազրույց էր կայացել: Ավարտին կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն էին տարածել, ըստ որի՝ «Քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում»: Զրույցը տեղի էր ունեցել հայկական ապրանքների ներկրման հարցում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների ու հայ-ռուսական լարվածության ֆոնին:
Փաշինյանն ու Միշուստինը վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի ամռանը Ալթայում՝ միջազգային բնապահպանական համաժողովի շրջանակում:
Աղբյուր՝ www.azatutyun.am
