Bankomat

Միրզոյան․ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչև նոր բանագնացների նշանակումը

Լուրեր|2026/10/15 14:01
Միրզոյան․ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչև նոր բանագնացների նշանակումը

ԱԳ նախարարի խոսքով՝ Երևանն ու Անկարան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցությունները շարունակվում են։

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նշանակել նոր բանագնացներ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո։

Միրզոյանի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման վերջնական նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանի լիարժեք բացումն է։ Նա նշել է, որ այժմ նույնիսկ հարց է առաջանում՝ կա՞ արդյոք նոր բանագնացի անհրաժեշտություն, եթե սահմանի բացումը կարող է տեղի ունենալ ավելի արագ, քան թեկնածությունների համաձայնեցումը։

Նախարարն ասել է, որ գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցությունները շարունակվում են անընդհատ։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ նման բանակցությունների բովանդակությունը, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն չկա, սովորաբար ամբողջությամբ հանրայնացվող չէ։ Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա բանակցություններն էլ այս առումով բացառություն չեն։

Նա հայտնել է, որ նախատեսվում է անցկացնել Հայաստան-Թուրքիա գործարար համաժողով, որը կարող է լինել նախորդից ավելի ընդլայնված և կայանալ արդեն Հայաստանում։ Միրզոյանը հավելել է, որ հույս ունի՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները, թեև ամբողջական կարգավորումը դեռ ավարտված չէ։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ