Bankomat

Մեկնարկել է Քաջարանի 7,2 կիլոմետրանոց թունելի շինարարությունը

Լուրեր | 2026/06/28 07:00

Մեկնարկել է Քաջարանի 7,2 կիլոմետրանոց թունելի շինարարությունը

Քաջարանի թունելի շինարարությունը սկսվել է պաշտոնական արարողությամբ

Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր:

Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարված հսկայածավալ աշխատանքին:

Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը:

Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը:

Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից:

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով և շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին և նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում:

Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ:

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ:

Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթեւեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում:

Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաեւ ելք:

Քաջարանի թունելի և մոտեցնող ճանապարհների կառուցման համար պայմանագիր է կնքվելու իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ:

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ