Bankomat

ԿԲ նախագահը չի բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացումը Հայաստանում

Լուրեր|2026/09/15 15:14
ԿԲ նախագահը չի բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացումը Հայաստանում

Մարտին Գալստյանի խոսքով՝ դա հնարավոր է, եթե դրամավարկային խստացման փուլը շարունակվի։

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի բացառել, որ հանրապետությունում վարկերի տոկոսադրույքները կարող են բարձրանալ, եթե դրամավարկային քաղաքականության խստացման փուլը շարունակվի։

Նա այս մասին ասել է երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԿԲ խորհրդի նույն օրվա որոշումը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%, բարձրացնելու վերաբերյալ։

Գալստյանը հիշեցրել է, որ ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցման փուլը սկսվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ կարգավորիչը այն իջեցրել էր 10,75%-ից մինչև 10,5%։ Այնուհետև տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազել էր և 2025 թվականի դեկտեմբերին հասել 6,5%-ի, որից հետո պահպանվել էր այդ մակարդակում։ Սեպտեմբերի 15-ի որոշումը դարձել է առաջին բարձրացումը 2022 թվականի դեկտեմբերից հետո։

«Եթե ցիկլը շարունակվի, և մենք տեսնենք, որ տեղի ունեցողը ժամանակավոր երևույթ չէ, այլ միտում, ապա այո, Հայաստանի Հանրապետությունում պետք է սպասել ավելի բարձր տոկոսադրույքների մակարդակի, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում», — ասել է ԿԲ նախագահը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը ինքնաբերաբար չի նշանակում բանկային տոկոսադրույքների անհապաղ աճ։ Նրա խոսքով՝ տարբեր երկրներում փոխանցման մեխանիզմները գործում են ժամանակային ուշացումով՝ կախված ուղեկցող գործոններից, և այդ ազդեցությունը կարող է դրսևորվել թե՛ արագ, թե՛ ավելի դանդաղ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հուլիսին առևտրային բանկերի վարկային գործարքների տոկոսադրույքը կազմել է 12,51%՝ հունիսի 13,18%-ի դիմաց։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ