Bankomat

Կառավարությունն առաջարկում է խոշորացնել Վանաձոր, Փամբակ, Արարատ և Վեդի համայնքները

Լուրեր|2026/09/14 19:01
Կառավարությունն առաջարկում է խոշորացնել Վանաձոր, Փամբակ, Արարատ և Վեդի համայնքները

Նախագիծը ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Հայաստանի կառավարությունն առաջարկում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով։ Միաժամանակ Արարատի մարզում Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի խոսքով՝ սա կառավարության վարչատարածքային բարեփոխումների հերթական փուլն է։ Նրա ներկայացմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։

Ավետիսյանը նշել է, որ նախկինում իրականացված միավորման 99 ծրագրերի արդյունքում 915 համայնքների փոխարեն այժմ գործում են 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր են։ Եթե նոր նախաձեռնությունն ընդունվի, համայնքների ընդհանուր թիվը կկրճատվի մինչև 62։

Փոխնախարարի խոսքով՝ մինչ այժմ միավորման ծրագրերն իրականացվել են փնջային կամ շրջանային մոդելներով։ Ուսումնասիրությունները, նրա գնահատմամբ, ցույց են տվել, որ շրջանային մոդելով միավորված համայնքներն ավելի արդյունավետ են իրականացնում տեղական ինքնակառավարումը, ունեն ավելի զարգացած ենթակառուցվածքներ, ինչպես նաև ֆինանսական և մասնագիտական կարողություններ։ Այդ պատճառով կառավարությունը մտադիր է շարունակել խոշորացման և վարչատարածքային բարեփոխումների քաղաքականությունը հենց շրջանային մոդելով։

Հարակից զեկույցում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։ Նրա գնահատմամբ՝ համայնքների խոշորացումը հետագայում ամբողջությամբ դրական է անդրադառնում համայնքների զարգացման վրա։

Նախաձեռնությունը քննարկվել և սեպտեմբերի 14-ի Ազգային ժողովի նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ