Bankomat

Ineco Group-ը ձեռք է բերում սլովենական LON բանկի վերահսկիչ բաժնեմասը

Լուրեր|2026/09/16 15:29
Ineco Group-ը ձեռք է բերում սլովենական LON բանկի վերահսկիչ բաժնեմասը

Գործարքը Ineco Group-ին դուրս կբերի Սլովենիայի և ԵՄ բանկային շուկա։

Ineco Group-ը, որը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Inecobank-ի մայր ընկերությունն է, պայմանագիր է ստորագրել սլովենական Hranilnica LON բանկի վերահսկիչ բաժնեմասը ձեռք բերելու վերաբերյալ։ Գործարքը խմբի միջազգային զարգացման կարևոր փուլերից մեկն է և նախատեսված է ընդլայնելու նրա ներկայությունը Եվրոպայում։

Այս գործարքի արդյունքում Ineco Group-ը մուտք կգործի Սլովենիայի և Եվրոպական միության բանկային շուկա։ Hranilnica LON-ը Սլովենիայում գործող կայուն բանկ է, որը շուկայում աշխատում է շուրջ երեք տասնամյակ և ունի բանկային գործունեության ամբողջական լիցենզիա։

Գործարքի ավարտը նախատեսվում է անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո։ Խոսքը վերաբերում է Bank of Slovenia-ի, European Central Bank-ի, ինչպես նաև համապատասխան պետական և այլ կարգավորող մարմինների հաստատումներին։

Ineco Group-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բալոյանի խոսքով՝ սա ընկերության միջազգային զարգացման ամենակարևոր փուլերից է։ Նա նշել է, որ խումբը մուտք է գործում մոտ 550 մլն բնակչություն ունեցող շուկա, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում հետագա աճի և զարգացման համար։

Բալոյանը նաև ընդգծել է, որ LON բանկի վերահսկիչ բաժնեմասի ձեռքբերումը շարունակությունն է երեք տարի առաջ մեկնարկած միջազգային ընդլայնման ռազմավարության։ Նրա խոսքով՝ այսօր Ineco Group-ը գործում է ավելի քան 10 շուկաներում՝ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպական միություն, և մտադիր է հետագայում իր ծառայություններն ու պրოდუქտները հասանելի դարձնել միլիոնավոր հաճախորդների։

Գործարքի մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Hranilnica LON-ը։ Բանկի գլխավոր տնօրեն Dr. Imre Balogh-ը նշել է, որ այն կարևոր քայլ է LON-ի հետագա զարգացման համար և կնպաստի բանկի ամրապնդմանը՝ ստեղծելով աճի նոր հնարավորություններ թե՛ Սլովենիայում, թե՛ Եվրոպական միության շուկաներում։

Ineco Group ՓԲԸ-ն ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների խումբ է Հայաստանում։ Խմբի կազմում են Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Inecobank-ը, ներդրումային ծառայություններ մատուցող Dimension Investments-ը և տարածաշրջանի առաջատար IT ընկերություններից մեկը՝ Highway-ը։

1992 թվականին հիմնադրված Hranilnica LON d.d.-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Կրանյ քաղաքում։ Այն Սլովենիայի 11-րդ խոշորագույն առևտրային բանկն է՝ շուրջ 350 մլն եվրո համախառն ակտիվներով։ Բանկը սպասարկում է մոտ 20 հազար հաճախորդի՝ ամբողջ երկիրը ծածկող մասնաճյուղային ցանցի և ժամանակակից թվային հարթակների միջոցով՝ ծառայություններ մատուցելով ֆիզիկական անձանց, փոքր և միջին բիզնեսին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

LON-ի գործունեության հիմքում ֆինանսական կայունության ապահովումն է, վարկային ռիսկերի արդյունավետ կառավարումը և կապիտալի կայուն դիրքի պահպանումը։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ