68-ամյա Սամվել Կարաբեկյանը, որ ամիսներ առաջ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ռևմատոլոգի ծառայություններից օգտվելիս ոչինչ չէր վճարել, հունիսի 22-ին այց է ամրագրել հունիսի 26-ի համար։ Հիվանդանոցում տեղեկացել է, որ արդեն գործում է համավճար, և ծառայության արժեքի 25 տոկոսը պետք է վճարի ինքը։ Սակայն հենց այցի օրը պարզվել է, որ համավճարի չափն արդեն ավելացել է:
«Ասացին՝ «արդեն 50 տոկոս է, բայց քանի որ դուք գրանցվել եք այն պահին, երբ որ դեռ 25 էր, այդքանը վճարեք», - «Ազատությանը» փոխանցեց դասախոս Կարաբեկյանը:
Նա տարակուսած է՝ ինչո՞ւ մինչև ընտրություններն այդ համավճար չկար: «Նախընտրական քվեակորզիչ «օպերացիա» էր, որը թույլ տվեց ևս որոշ ժամանակ մնալ ղեկին», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր դասախոսը:
Կարաբեկյանի գրառմանը հիմնադրամի պաշտոնական էջով էին պատասխանել: Նախ խնդրել էին բժշկական կազմակերպության անունը նշել, որ ուսումնասիրեն խնդիրը։ Այնուհետև տեղեկացրել էին՝ համավճարի կիրառման կարգում փոփոխություն չի եղել, այն կիրառվում է օրենքով սահմանված կարգով, իսկ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բուժկենտրոն ինքնուրույն է որոշում, բայց չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը։ Ռևմատոլոգին այցի և խորհրդատվության համար էլ նախատեսված է համավճար:
«Ես էնտեղ պատասխան չտեսա, տպավորություն ունեցա, որ գուցե չատբոտ է, որը որոշակի արդեն տեքստերով պատասխանում է ցանկացած հարցին», - նշեց Կարաբեկյանը:
Սա, ասում է նա, միակ խնդիրը չէ: Իր բժիշկը անվճար կամ համավճար դեղերի ցանկում ներառված պրեպարատ է նշանակել, նույն ազդող նյութը պարունակող այլ դեղ կարողացել է գտնել, բայց՝ «դուրս են գրում բժիշկները, բայց էդ դեղորայքը չկա պարզապես դեղատներում»:
«Ազատության» ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած քաղաքացիներից շատերը գոհ էին ապահովագրությայն շրջանակում ստացած ծառայությունների որակից:
«Օգտվել եմ ու շատ գոհ եմ: Անչափ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում: Համավճար կա միայն խորհրդատվությունների ժամանակ 1000-3000 դրամ եմ վճարել: Անալիզներիս 99 տոկոսը՝ ՄՌՏ, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դուպլեքս՝ ամբողջը եղել է էս շրջանակներում՝ պետպատվերով», - գրել է մի կին:
Մեջբերում հարցմանն արձագանքած մյուս օգտատիրոջ գրառումից. - «Սա Հայաստանում անկախությունից ի վեր ամենամարդասիրական ռեֆորմն է: Ընտանիքիս մեծերը՝ մայրս, մորաքույրս, կինս շահառու են: Պետությունը իր քաղաքացու կողքին է: Աննկարագրելի է վիրահատական և լուրջ միջամտություններից օգտվող տատիկ-պապիկների ուրախությունը»:
Ծնողներից մի քանիսին նույնպես դուր չէր եկել այն, որ նախկինում ստացած անվճար ծառայության դիմաց հունիսից հետո իրենց ասել են՝ մի մասը պետք է վճարեն: «Մի՞թե ճիշտ էին լուրերը, թե ընտրություններից հետո ապահովագրության գումարները սկսելու են չբավարարել», - հարցնում էին նրանք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախորդ շաբաթ իր ասուլիսում նշել էր՝ այդ լուրերն են եղել պատճառը, որ մայիսին արհեստականորեն մեծացել էր դիմելիությունը:
«Մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կար, որ հնարավորինս արագ գնալ, հնարավորինս արագ ստանալ ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մենք կարողացանք նաև դիմակայել այս դիմելիությանը», - հայտարարել էր Ավանեսյանը:
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից «Ազատությանը» այսօր հարցազրույց չտվեցին՝ դրսից հյուր ունեին։ Բայց փոխանցեցին՝ համավճարն ընտրություններից հետո չի ներդրվել, այն նախատեսված էր դեռ նախնական հայեցակարգով, հետո ամրագրվել է օրենքով։
«Սպառվե՞լ են ապահովագրությանն ուղղված գումարները? Եթե ոչ, ապա ինչո՞ւ է Կառավարությունը նախորդ ամսվա որոշումներից մեկով հիմնադրամին 7.1 միլիարդ դրամ գումար հատկացրել». - այս հարցը թե՛ մամուլի էջերում է, թե՛ համացանցում:
Առողջապահության նախարարը նախորդ շաբաթ այս հարցին էլ է անդրադարձել. - «Ոչ թե որ ծախսերն են մեր սահմանվածից ավել եղել և կարիք է եղել հավելյալ գումարներ տալ, այլ օրենքով սահմանված ապահովագրված անձանց թիվը աճել է պետության կողմից սուբսիդավորվող խմբի, և պետությունը իր պարտավորությունը իրականացրել է»:
Հունվարին հայտարարված շահառուների թիվը 1.5 միլիոն էր, մեկ շաբաթ առաջ նախարարը նոր թիվ հրապարակեց՝ 1.7 միլիոն: Ըստ Ավանեսյանի՝ աճը պայմանավորված է ռեզիդենտների, 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների ու անհատ ձեռնարկատերերի թվի ավելացմամբ։
Իսկ հունիսի տվյալներով՝ ապահովագրված 1.7 միլիոն քաղաքացիներից 842 հազար 750-ն արդեն օգտվել է առողջության ապահովագրության շրջանակում մատուցվող բժշկական ծառայություններից։ Ընդհանուր առմամբ նրանց մատուցվել է ավելի քան 8.3 միլիոն ծառայություն, այսինքն՝ մեկ շահառուն օգտվել է մի քանի ծառայությունից։
Այս թվերից զատ, դեռ մնում են դժգոհությունները՝ ինչո՞ւ են հիվանդանոցները սկսել ավելի շատ կիրառել համավճարը, և ոչ միայն ռևմատոլոգի, այլև մի շարք այլ ծառայությունների գծով:
Աղբյուր՝ www.azatutyun.am
