Bankomat

Իգնատի Առաքելյան. Միշտ գտել եմ խնդրի լուծման ճանապարհը

Լուրեր | 2026/07/09 20:03

Իգնատի Առաքելյան. Միշտ գտել եմ խնդրի լուծման ճանապարհը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի հարցազրույցը

ՓԱՍՏԵՐ

Ծնվել է 1972 թ.-ի մարտի 31-ին:

1988-1993 թթ. սովորել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում, որակավորումը` ինժեներ-տնտեսագետ:

1998-2016 թթ. աշխատել է «Պեռնո Ռիկար» խմբի կազմի մեջ մտնող Երեւանի կոնյակի գործարանում (ԵԿԳ)` որպես փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:

2016 թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար է:

Ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Տնտեսագիտության թեկնածու է:

2015 թվականին «Գյուղատնտեսական նվաճումների համար» պարգեւատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

«Միշտ վստահ եմ եղել իմ ուժերի վրա»

-Պրն. Առաքելյան, ինչպե՞ս ընդունեցիք գյուղատնտեսության նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը:

- Ինձ համար շատ անսպասելի էր այդ առաջարկը. երբեք չէի մտածում, թե մի օր կդառնամ պետական ծառայող: Այնուամենայնիվ, ընդունել եմ առաջարկը եւ ամեն բան պետք է ձեռնարկեմ, որպեսզի հաջողություններ արձանագրենք գյուղատնտեսության ոլորտում:

-Բնական է, որ նախքան նշանակումն այլ պատկերացում ունեիք առկա խնդիրների մասին. սկզբում ինչպե՞ս էիք գնահատել Ձեր ուժերը եւ ինչպե՞ս եք գնահատում հիմաˋ ոլորտն ախտորոշելուց հետո:

-Միշտ վստահ եմ եղել իմ ուժերի վրա, քանի որ աշխատանքային ողջ գործունեությանս ընթացքում չի եղել մի դեպք, երբ չկարողանամ հասնել ցանկալի արդյունքին ու իմ առջեւ դրված նպատակներին:

Իգնատի Առաքելյանը Իգնատի Առաքելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ինչպես ճիշտ նկատեցիք, հանրապետության գյուղատնտեսության ողջ համակարգի խնդիրներն ու մարտահրավերները, որոնք պետք է ընդունել եւ հաղթահարել, դրսից անհնար է պատկերացնել, բայց հիմա էլ համոզված եմ, որ կկարողանանք ցանկալի արդյունք ունենալ: Իհարկե, դա երկարաժամկետ խնդիր է. ոչ մի ոլորտ չես կարող կես կամ մեկ տարում հիմնովին փոխել, բայց կարող ենք նախանշել մեր ճանապարհը, քայլել այդ ճանապարհով եւ ամեն տարի արդյունք ցույց տալ:

-Ճիշտ է, կարճ ժամանակ էˋ աշխատում եք պետական համակարգում, այնուամենայնիվ,  պետական թե՞ մասնավոր կառույցում է հաճելի աշխատել:

-Բնական է, մասնավորում աշխատելն ավելի հեշտ է, իսկ աշխատանքի հաճելի լինելը, իմ կարծիքով, կապված է սովորության հետ: Ճանաչում եմ մարդկանց, ովքեր ողջ կյանքում աշխատել են պետական համակարգում եւ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց այդ կառույցի. միգուցե, մի քանի տարի անց ես եւս նման գնահատական ունենամ, բայց այսօր, ելնելով մասնավորի փորձից, պետք է նշեմ, որ այն ավելի ճկուն է:

-Որո՞նք են պետական համակարգում աշխատելու հիմնական բարդությունները:

-Խնդիրը բարդության մեջ չէ, այլ՝ հասարակության հանդեպ պատասխանատվության զգացման, ինչի հետեւանքով ամեն ինչ շատ դանդաղ է առաջ շարժվում: Իսկ հանրությունն առկա խնդիրներին ճիշտ եւ արդարացի լուծումներ տալու հարցում շատ զգոն է:

-Ո՞րն է ոլորտի զարգացման Ձեր տեսլականը:

-Աշխարհը շատ արագ է փոխվում, փոխում են նաեւ պահանջները: Յուրաքանչյուր օր պետք է ապացուցես, որ մրցունակ ես: Այսօր արդեն փաստ է՝ ագրոբարեփոխումները մեզանում այլեւս այլընտրանք չունեն, մենք պետք է արագ քայլերով առաջ շարժվենք, ձեւավորենք նոր մտածողություն, որով կհաջողանանք ագրոբիզնեսում: Չնայած երկարաժամկետ ծրագրերի առկայությանըˋմենք պետք է ժամ առաջ լուծումներ տանք առկա օպերատիվ հարցերին:

Ըստ իս, առաջնահերթ է նաեւ «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի օր առաջ գործարկումը: Մենք փորձում ենք գտնել արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի ֆերմերները միանան եւ միասին փորձեն կազմակերպել իրենց բիզնեսը: Այդպես աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, ծախսերը կհասցվեն նվազագույնի, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքն ու մենք կկարողանանք մրցունակ լինել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ դրսում:

Պետք է վերցնենք բարձր նշաձող եւ ձգտենք հասնել դրան:

-Իսկ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

-Միշտ գտնել խնդրի լուծման ճանապարհը:

«Շարունակում եմ մնալ այնպիսին, ինչպիսին եղել եմ»

- Փողկապը, գործի բերումով, գրեթե միշտ ուղեկցել է Ձեզ: Ի՞նչ փոխեց նախարարական փոխկապը Ձեր կյանքում:

-Ոչինչ: Շարունակում եմ մնալ այնպիսին, ինչպիսին եղել եմ միշտ:  Ընդհանրապես, որեւէ կողմնակի կամ հավելյալ պիտակ երբեք չի ազդել իմ անձի կամ տեսակի վրա:

- Մեր նախորդ զրույցներից մեկում, երբ նշանակվել էիք ԵԿԳ տնօրենի պաշտոնում, պաշտոնապես ներկայացաք որպես Իգոր Առաքելյան: Դիմելաձեւի որ տարբերակն է ավել հարազատ Ձեզˋ Իգոր թե՞ Իգնատի:

- Անձնագրով անունս Իգնատի է, բայց ընկերների ու մտերիմների շրջապատում ինձ միշտ Իգոր են ասում: Երկուսն էլ ընդունելի տարբերակ են իմ համար, բայց հիմա, հաշվի առնելով փաստաթղթային ճշգրտության անհրաժեշտությունը, որոշեցի թողնել միայն պաշտոնական անունս:

Նախարարի օրվա սկիզբն ու ավարտը

-Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը:

- Օրս սկսվում է կնոջս հետ մեկ գավաթ սուրճ ըմպելով, ապաˋ ընտանիքիս հետ նախաճաշով, որին, արդեն նախարարությունում, հաջորդում է աշխատանքային գործընթացըˋ առավոտյան հանձնարարականներով, ընթացիկ միջոցառումներով եւ ձգվում մինչ ուշ գիշեր:

Իգնատի Առաքելյանի կինն ու որդիները Իգնատի Առաքելյանի կինն ու որդիները

Լուսանկարը` անձնական արխիվից

- Իսկ օրվա ավարտն ինչպիսի՞ն է

- Աշխատանքի ավարտից հետո գնում եմ տուն, եթե ընտանիքիս անդամներն արթուն են լինում, զրուցում ենք, քննարկում նրանց օրվա ընթացքը:

Հանգստյան օրերին եւս նրանց համար բավական քիչ ժամանակ է մնում: Ազատ ժամանակ լինելու դեպքում այն անցկացնում եմ ընտանիքիս հետ, կամ ընկերներիս եմ հանդիպում:

Մենք շնիկ ունենքˋ Սթիվը, երբեմն, մտքերս հավաքելու համար, նրա հետ զբոսանքի եմ դուրս գալիս:

- Ձեր շնիկի մասին կպատմե՞ք:

- Սթիվը մեր ընտանիքի լիարժեքˋ վեցերորդ անդամն է:

Հիմա ինքն էլ է ինձ շատ կարոտում: Երբ տուն եմ գնում, առաջինը նա է դիմավորում ինձ:

Իգնատի Առաքելյանի շնիկըˋ Սթիվը Իգնատի Առաքելյանի շնիկըˋ Սթիվը

Լուսանկարը` անձնական արխիվից

Տանը շուն պահելը կնոջս գաղափարն էր. նա կարծում է, որ երեխաների դաստիարակության հարցում դա շատ կարեւոր քայլ է:

Ընտանիքի մասին

- Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր տիկնոջ հետ:

- Շատ պատահական հանդիպում ու ծանոթություն էր:

Իգնատի Առաքելյանըˋ կնոջ հետ Իգնատի Առաքելյանըˋ կնոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

- Իսկ ինչո՞վ է զբաղվում Ձեր կինը:

- Կինս մասնագիտությամբ ֆիզիոթերապեվտ է, աշխատել է Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում:

- Իսկ որդինե՞րը:

- Տղաներս ուսանող են:

- Ինչի՞ մասին եք զրուցում որդիների հետ:

-Մենք ընկերներ ենք:

Իգնատի Առաքելյանի որդիները Իգնատի Առաքելյանի որդիները

Լուսանկարը` անձնական արխիվից

Ագրարային համալսարանում սովորող որդուս հետ վերջերս ընդհանուր շատ հարցեր ենք քննարկում:

Նախասիրությունների մասին

- Ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Նախասիրության համար հիմա ժամանակ չի մնում:

-Ի՞նչ պայմաններ են պետք Ձեզˋ հանգստի համար:

-Լռություն. բայց դա կարող է տեւել երկու-երեք օր:

-Իսկ ի՞նչ ժանրի երաժշտություն է օրվա ընթացքում ուղեկցում Ձեզ:

- Ցանկացած երաժշտություն, որն այդ պահին, կախված տրամադրությունից, ուզում եմ լսել:

- Խոհանոցում երբե՞ւէ լինում եք:

-Ոչ: Կինս չի թողնում (ծիծաղում է-հեղինակ): Նա կարծում է, որ խոհանոցում ես իրեն խանգարում եմ:

Իգնատի Առաքելյանը Իգնատի Առաքելյանը

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից

- Ի՞նչ խմիչք եք նախընտրում:

- Ցանկացած որակյալ խմիչք:

Իգնատի Առաքելյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ