Bankomat

IDBank-ը հուշագիր է ստորագրել Մատենադարանի հետ

Լուրեր|2026/10/12 17:13
IDBank-ը հուշագիր է ստորագրել Մատենադարանի հետ

Բանկի 35-ամյակի ծրագրերով Երևանում կստեղծվի կենսաբազմազանության նոր այգի։

IDBank-ը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Մատենադարանի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր։ Համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի կենտրոնում՝ Մատենադարանի հարակից տարածքում, կստեղծվի մոտ 1.2 հեկտար մակերեսով կենսաբազմազանության նոր այգի։

Սա երկու հաստատությունների առաջին համատեղ նախագիծն է։ Այգու գաղափարը մշակել և իրականացնելու է Armenian Tree Project Foundation (ATP)-ն։ Նախագծի համաձայն՝ այգին կդառնա Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ կտնկվեն հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված եզակի բուսատեսակներ։

Հուշագրի ստորագրումից առաջ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանում։ Գործընկերության մեկնարկը նշանավորվել է նաև խորհրդանշական արարողությամբ. Մատենադարանի Պատվո կամարում ավելացվել է IDBank-ի անունը, իսկ բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը պարգևատրվել է «Մատենադարանի բարերար» մեդալով։

Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկը այս տարի նշում է 35-ամյակը և հոբելյանական ծրագրերի շրջանակում իրականացնում է մի շարք խոշոր նախաձեռնություններ։ Նա ընդգծել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը մշտապես եղել է IDBank-ի սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկը, իսկ ավելի անվտանգ, կանաչ և մաքուր ապագա ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել բիզնեսի, մշակութային, բնապահպանական և հանրային ոլորտների ջանքերը։

IDBank-ում նշում են, որ կանաչ և կայուն Հայաստանը բանկի ռազմավարության հիմնասյուներից է։ Այդ մոտեցման շրջանակում արդեն իրականացվել են նաև Մոսկովյան այգու վերանորոգման և «Սիմֆոնիկ անտառ» նախագծերը, իսկ Մատենադարանի տարածքում ստեղծվող կենսաբազմազանության այգին բանկի հերթական բնապահպանական նախաձեռնությունն է։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ