ՀՀ կառավարությունը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում Կառավարության 2026-2031թթ. ծրագրի քննարկման ժամանակ:
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Նախագահի հարգելի՛ տեղակալներ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ ժողովուրդ,
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ 1990 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։
Իրական Հայաստանի գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել՝ էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին, և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։
Եվ այսպիսով կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է։ Այն, որ հենց խաղաղ կյանքի պետությունն է մեր ժողովրդի ակնկալիքը, ինձ համար ակնհայտ է դառնում Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությամբ։ 2021 թվականին, օրինակ, այն պայմաններում, երբ ընդդիմությունը զարգացնում էր «պարտված իշխանությունը պետք է հեռանա» թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Մինչդեռ 1994 թվականից ի վեր պատերազմում հաղթանակի թեզով կամ որպես հաղթական առաջնորդ հանդես եկած նախկին նախագահներից որևէ մեկն ընտրություններում չի ստացել ժողովրդի վստահության մանդատը և ստիպված է եղել բռնազավթել իշխանությունը կեղծիքների, ուժի կիրառման և/կամ սպանությունների ու ահաբեկումների միջոցով։ Այդպիսի մի փորձ էր, որ 2018 թվականին պսակվեց հեղափոխությամբ։ Այս ամենը մեկ բանի նշան է, որ մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է, և առանց այս փաստի հետ առերեսվելու՝ հնարավոր չէ ունենալ իրապես անկախ պետություն, որտեղ կարելի լինի ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքը։
Այնուամենայնիվ, ինչպես հաճախ պատահել է մեր պատմության մեջ, ժողովրդի այդ ձգտումները քաղաքական ձևակերպում չեն ստացել, որովհետև մեր պատմական ավանդույթը, հոգևոր քաղաքական վերնախավերից ժողովրդին գաղափարներ պարտադրելն է և ոչ թե ժողովրդի ցանկություններից ու ձգտումներից քաղաքական գաղափարներ ու հայացքներ դուրս բերելը։ Եվ այս ավանդույթը շարունակվել է մինչև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը։ Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ քաղաքականությունների ու քաղաքական հայեցակարգերի ձևավորման վրա ժողովրդի ազդեցությունը մեծանար։ Այս երևույթը նախ ինտուիտիվ արտահայտություններ գտավ, ապա և ավելի ու ավելի հաստատուն և համակարգված տեսք ստացավ, և այսօր այստեղ տեղի ունեցողը հենց դրա արտահայտությունն է։
Եվ հետևաբար ինձ համար մեծ պատիվ է Ազգային ժողովից ներկայացնել Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակոխում ենք Չորրորդ Հանրապետություն։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Կառավարության ծրագիրը, որը հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինձ համար մեծ պատիվ է Կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ, Կառավարության և կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին։
Իսկ ո՞րն է հեղափոխության օրակարգը՝ արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության և օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը և ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ և մասնակցային կառավարումը։ Այս բոլոր ուղղություններով 2018 թվականից ի վեր Հայաստանում էական զարգացումներ են տեղի ունեցել, բայց, այնուամենայնիվ, այդ օրակարգն անկատար է մնացել երկու հիմնական պատճառներով։
Պատճառներից մեկն այն է, որ ՔՈՎԻԴ-ի համաճարակից ի վեր Հայաստանի ղեկավարումը ստանձնած հեղափոխական թիմը ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ, և նրա ուշադրության և էներգիայի մեծ մասը կենտրոնացած է եղել հենց ճգնաժամային օրակարգերի վրա։ Երկրորդ և ոչ պակաս կարևոր պատճառն արտաքին և ներքին զարտուղի ազդեցություններն են մեր երկրի ինստիտուտների և նրանց գործունեության վրա։ Բայց ի հեճուկս այս ամենի՝ մենք ի վիճակի ենք եղել իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք վստահություն են տալիս, որ ի վերջո, հեղափոխության կիսատ մնացած օրակարգը լրումին կհասնի, որովհետև այդ օրակարգի իրացումն ընթանում է ամբողջ ծավալով, այսօր է ընթանում։
Ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի համակարգն արդեն իսկ գործում է լիարժեք կերպով։ Պետական և համայնքային շահերի պաշտպանության համակարգին զուգահեռ արդեն իսկ շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ են վերադարձվել պետությանը։ Սրանից բացի՝ Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ուզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարի նախագծում, «Վիվա Հայաստան»-ում։ Հազարավոր հեկտարներով հողեր, որոնք դե յուրե կամ դե ֆակտո ապօրինի կերպով սեփականաշնորհված էին, վերադարձվել են համայնքներին և Կառավարությանը, այդ թվում՝ բանակցությունների միջոցով։ Էլ չեմ ասում այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով ավելի քան կրկնապատկվել են, և այդ մուտքերի մեջ, բացի տնտեսական աճից, էական դեր ունի ստվերի կրճատումը, որտեղ գեներացված ահռելի միջոցներ պետական բյուջեի փոխարեն հեղափոխությունից առաջ հոսում էին բոլորիս հայտնի մարդկանց գրպանները։
Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրում արձանագրված է մինչև 2031 թվականը շուրջ 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույքի պետությանը վերադարձնելու հրամայականը, և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում ՀԷՑ-ի, «Արարատ ցեմենտ»-ի, Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ, վստահություն են տալիս, որ այս խնդիրն ի վերջո կլուծվի՝ ընդգրկելով ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի մեծ շրջանակ։
Աղբյուր՝ armtimes.com
