Bankomat

Լիդիան Հայաստանը տարեկան $7-9 մլն կհատկացնի Ամուլսարի համայնքներին

Լուրեր | 2026/08/31 20:02

Լիդիան Հայաստանը տարեկան $7-9 մլն կհատկացնի Ամուլսարի համայնքներին

Համաձայնագիրը կնքվել է ՀՀ կառավարության եւ համայնքների հետ

Լիդիան Հայաստանը եւ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաեւ Ամուլսարի հարակից խոշորացված Ջերմուկ, Վայք եւ Սիսիան համայնքները կնքել են Համայնքային զարգացման համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի` Լիդիան Հայաստանը պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության եւ արտադրության յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար համայնքների զարգացման նպատակով տրամադրել $7 միլիոն։ Եթե արտադրության փուլում ոսկու մեկ ունցիայի միջին գինը գերազանցի $3,550-ը, ընկերության տարեկան հատկացումը կկազմի $9 միլիոն:

Ընկերությունից հայտնել են, որ տարեկան ներդրման 70%-ը բաշխվելու է Ջերմուկ, Վայք եւ Սիսիան խոշորացված համայնքների միջեւ՝ Համաձայնագրով սահմանված բանաձեւի համաձայն։ Մնացած 30%-ը մրցակցային հիմունքներով ուղղվելու է համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

«Գումարները Լիդիան Հայաստանի կողմից ուղղակիորեն չեն փոխանցվելու համայնքային բյուջեներ։ Դրանք տրամադրվելու են ընկերության կողմից հիմնադրված Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամին: Համաձայնագրի կնքմամբ ձեւավորվում է Ամուլսարի շրջակա համայնքներին Լիդիան Հայաստանի երկարաժամկետ աջակցության կանխատեսելի, թափանցիկ եւ ինստիտուցիոնալ համակարգ»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ