Երևանում արդեն ավելի քան 10 օր է գործում է HELIX Armenia-ի նոր լաբորատոր համալիրը, որի պաշտոնական բացմանը մասնակցել են պետական կառույցների, բժշկական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար գործընկերներ։ Արարողությանը ներկա են եղել նաև «Հելիքս» միջազգային բժշկական լաբորատորիայի ղեկավարները, որոնք Հայաստան էին ժամանել նախագծի մեկնարկին մասնակցելու համար։
850 քառակուսի մետր տարածք զբաղեցնող համալիրը համալրված է համաշխարհային առաջատար արտադրողների սարքավորումներով և ռեագենտներով։ Կենտրոնի հիմնական տեխնոլոգիական առավելություններից մեկը Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծն է, որը միավորում է վերլուծիչ սարքերը մեկ համակարգում և նպաստում է հետազոտությունների արագության ու ճշգրտության բարձրացմանը։
Լաբորատորիայի թողունակությունը կազմում է օրական ավելի քան 20 հազար հետազոտություն։ «Հելիքս»-ի կատալոգում ներառված է ավելի քան 3600 լաբորատոր հետազոտություն՝ սովորական անալիզներից մինչև բարդ գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական հետազոտություններ։ Դրանց թվում են նաև ուռուցքաբանական և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված թեստեր։
Ընկերության տվյալներով՝ Հայաստանում ծրագրի իրականացման համար նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 2,5 միլիարդ դրամը։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 200 աշխատատեղ, որոնցից ավելի քան 100-ը՝ բժշկական անձնակազմի համար։
HELIX Armenia-ի ծրագիրը միայն երևանյան համալիրով չի սահմանափակվում։ Ընկերությունը նախատեսում է Հայաստանում ձևավորել առնվազն 30 ախտորոշիչ կենտրոնից բաղկացած ցանց, այդ թվում՝ մարզերում, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն հանձնել լաբորատոր հետազոտություններ, այլև ստանալ բժիշկների խորհրդատվություն, անցնել ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ և այլ հետազոտություններ։ Երևանում գործող համալիրը «Հելիքս»-ի իններորդ տեխնոլոգիական հարթակն է և երրորդը՝ ԱՊՀ երկրներում։


Աղբյուր՝ b24.am
