Հայաստանում նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5,950 դրամ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ նոր կենսաչափական ID քարտը պարտադիր կլինի 16 և բարձր տարիքի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ անձնագիրը նախատեսված է բացառապես ճանապարհորդության նպատակով։ Այդ պատճառով, եթե քաղաքացին սահման հատելու մտադրություն չունի, նոր կենսաչափական անձնագիր ստանալու կարիք չի լինի։
Դավթյանը նշել է, որ նոր համակարգը թույլ կտա ճշգրիտ նույնականացնել քաղաքացիներին և ապահովել նրանց իրավական ինքնության ու անձնական տվյալների պաշտպանության ամենաբարձր մակարդակը։ Այն նաև կբացի թվային հանրային ծառայություններից օգտվելու հնարավորություն և կթեթևացնի տարբեր պետական մարմինների միջև տեղեկություններ փոխանցելու բեռը քաղաքացիների համար։
Նրա գնահատմամբ՝ ծառայությունները կտրամադրվեն ժամանակակից գրասենյակներում և համապատասխան պայմաններում, ուստի դրանք չեն կարող համեմատվել հին նմուշի անձնագրի համար գործող 1,000 դրամ պետական տուրքի հետ։
Նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրությունն ու տրամադրումը կմեկնարկեն 2026 թվականի նոյեմբերի 1-ից։ Այդ օրվանից Հայաստանի ողջ տարածքում կգործի 14 գրասենյակ, իսկ հաջորդ տարվա սկզբին դրանց թիվը կհասնի 23-ի՝ նոր թվային ծառայությունների հնարավորություններով։
Աղբյուր՝ www.pan.am
