Bankomat

Հայաստանում քաղաքացիության նոր կանոնները քննադատության թիրախում են

Լուրեր|2026/09/16 04:02
Հայաստանում քաղաքացիության նոր կանոնները քննադատության թիրախում են

Հարութ Սասունյանը կարծում է, որ բարձր տուրքերը և խիստ պահանջները կխոչընդոտեն ներգաղթն ու կապը սփյուռքի հետ։

Հայաստանի ներքին գործերի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները նախատեսում են էապես բարձրացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու պետական տուրքերը, ինչպես նաև խստացնել դիմողների նկատմամբ կիրառվող պահանջները։ Եթե նախագիծը հաստատվի Ազգային ժողովի կողմից, ապա 2028 թվականի հունվարի 1-ից քաղաքացիություն ստանալու վճարը 138 դոլարից կբարձրանա մինչև 689 դոլար, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վճարը՝ 413 դոլարից մինչև 4132 դոլար։

Նախագծով սահմանվում է նաև բնակության նոր շեմ։ Քաղաքացիություն հայցողներից կպահանջվի վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում ունենալ օրինական բնակության կարգավիճակ և այդ ժամանակահատվածում առնվազն 915 օր փաստացի գտնվել երկրում։ Դիմողները պետք է նաև բավարար մակարդակով տիրապետեն հայերենին և ունենան Սահմանադրության վերաբերյալ գիտելիքներ, իսկ երդման արարողությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

Ավելի մեղմ, բայց դարձյալ խիստ պահանջներ են նախատեսվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ առնվազն երկու տարի օրինական ամուսնության մեջ գտնվող անձանց, ինչպես նաև ՀՀ քաղաքացի երեխա կամ ծնող ունեցող դիմողների և փախստականների համար։ Նրանցից կպահանջվի երեք տարվա օրինական բնակություն և Հայաստանում առնվազն 549 օրվա փաստացի ներկայություն։

Էթնիկ հայերի համար ևս սահմանվում են կոնկրետ պայմաններ։ Նրանք քաղաքացիություն ստանալու իրավունք կունենան, եթե նախորդ երկու տարվա ընթացքում Հայաստանում հաստատեն օրինական բնակություն և փաստացի երկրում գտնվեն առնվազն 366 օր։ Հայկական ծագումը պետք է հաստատի Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնաժողովը՝ ներկայացված փաստաթղթերի, արխիվային տվյալների, ինչպես նաև եկեղեցիների կամ համայնքային կազմակերպությունների տրամադրած վկայականների հիման վրա։

Նախագիծը նախատեսում է նաև, որ Հայաստանի քաղաքացիությունից նախկինում հրաժարված անձինք կարող են կրկին դիմել միայն հինգ տարի անց՝ այն պայմանով, որ նախորդ երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր բնակված լինեն Հայաստանում։ Բացի այդ, դիմումը կարող է մերժվել, եթե անձի գործունեությունը վնաս է հասցնում կամ կա հիմնավոր կասկած, որ այն կարող է վնաս հասցնել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրային առողջությանն ու բարոյականությանը կամ այլոց իրավունքներին ու ազատություններին։ Այդպիսի հիմքերով մերժման մասին նախագահի որոշումը, ըստ նախագծի, վարչական կամ դատական վերանայման ենթակա չի լինի։

Հրապարակման հեղինակ Հարութ Սասունյանը այս մոտեցումը համարում է հակասական՝ նշելով, որ ավելի բարձր վճարներն ու խիստ պահանջները չեն համապատասխանում Հայաստանի կառավարության՝ բնակչության աճ ապահովելու հայտարարված նպատակին։ Նրա գնահատմամբ՝ տրամաբանական կլիներ ոչ թե թանկացնել գործընթացը, այլ այն դարձնել ավելի մատչելի և հեշտ, հատկապես սփյուռքահայերի համար։

Սասունյանը ենթադրում է, որ նախաձեռնության հիմքում կարող են լինել երկու մոտիվ։ Առաջինը բյուջետային հավելյալ եկամուտ ապահովելու փորձն է։ Այդ համատեքստում նա նաև հիշեցնում է, որ 1991-2018 թվականներին Հայաստանի պետական պարտքը կազմել էր 7 միլիարդ դոլար, իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ վերջին ութ տարում, կրկնապատկվել է և հասել 14 միլիարդ դոլարի։ Երկրորդ պատճառը, նրա կարծիքով, կարող է լինել Հայաստան ներգաղթել ցանկացողների թվի սահմանափակումը՝ անկախ նրանից, նրանք ազգությամբ հայ են, թե ոչ։

Հեղինակը հատկապես մտահոգիչ է համարում այն, որ առաջարկվող մոտեցումը կարող է վանել սփյուռքահայերին Հայաստանից և թուլացնել նրանց կապը հայրենիքի հետ։ Նա նշում է, որ ավելի արդյունավետ քաղաքականություն կլիներ խրախուսել երկքաղաքացիությունը, նվազեցնել կամ վերացնել քաղաքացիություն ստանալու վճարը և թուլացնել բնակության պահանջը։ Նրա կարծիքով՝ հայկական անձնագիրը սփյուռքահայերի համար ոչ միայն իրավական կարգավիճակ է, այլև հուզական և գործնական կապ Հայաստանի հետ, որը կարող է խթանել այցելությունները, ներդրումները և որոշ դեպքերում նաև մշտական տեղափոխությունը։

Սասունյանը առանձնացնում է նաև քաղաքացիությունից հրաժարվելու համար նախատեսված շուրջ 4000 դոլարի վճարը՝ այն անվանելով ամենաանհեթեթ դրույթներից մեկը։ Նրա գնահատմամբ՝ նման բարձր գինը կարող է հատկապես խնդիրներ ստեղծել այն երկքաղաքացիների համար, որոնց բնակության երկիրը պահանջում է պաշտոնապես հրաժարվել երկրորդ քաղաքացիությունից։

Հոդվածի վերջում Սասունյանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը հրաժարվել առաջարկվող վերանայված կանոններից և, փոխարենը, դեսպանությունների ու հյուպատոսությունների միջոցով նախաձեռնել համաշխարհային արշավ՝ սփյուռքահայերին երկքաղաքացի դառնալու խրախուսման համար։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ