Bankomat

Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղու հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն

Լուրեր|2026/10/14 22:02
Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղու հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն

Կառավարությունում քննարկվել են Հայաստանի երկաթուղու կառավարումն ու միջազգային ցանցերին միանալու հնարավորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Российские железные дороги»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ քննարկել է Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացումն ու կառավարումը։ Քննարկման արդյունքով կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի բարձրացված խնդիրները, առաջարկի հնարավոր լուծումներ և սահմանի հետագա քայլերը։

Կառավարության հաղորդմամբ՝ քննարկման առանցքում եղել են Հայաստանի երկաթուղու մրցունակության բարձրացումը, միջազգային տրանսպորտային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները և գործող կառավարման մոդելի հետ կապված խնդիրները։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներից բխող հնարավորություններին։

Առանձին քննարկվել են Գյումրի-Ախուրյան-թուրքական սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային հատվածների վերակառուցման ծրագրերը, ինչպես նաև դրանց իրականացման դեպքում ստեղծվող հնարավորությունները։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և կապերի հնարավոր վերաբացման պայմաններում Հայաստանի կառավարության նպատակը երկաթուղին դարձնելն է մրցունակ և այն ինտեգրել հարևան երկրների ու ավելի լայն միջազգային համակարգի ցանցերին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման տարիներին իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականից կառավարվում է ռուսական ընկերության կողմից կնքված կոնցեսիոն համաձայնագրով։ Օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն է, որը «Российские железные дороги»-ի դուստր ընկերությունն է։ Համաձայնագիրը գործում է 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարման հարցին։ Ավելի վաղ նա առաջարկել էր կառավարման կոնցեսիոն իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, նշելով, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցները բացասաբար են ազդել ռուսական կառավարմամբ ենթակառուցվածքի նկատմամբ ներդրողների և բեռնափոխադրող ընկերությունների հետաքրքրության վրա։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ