
Հայաստանից Ռուսաստան բջջային հեռախոսների վերաարտահանումը 2026 թվականի առաջին կեսին պահպանել է բարձր աճի տեմպը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում աճող լարվածությանը։ Այս հոսքը ձևավորվել է այն պայմաններում, երբ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով Ռուսաստան մի շարք ապրանքների ուղիղ մատակարարումները սահմանափակվել են։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ հունվար-հունիսին ռուսական մանրածախ վաճառողներին մատակարարվել է գրեթե 1.27 միլիոն հեռախոս՝ շուրջ $400 միլիոն ընդհանուր արժեքով։ Դա 38 տոկոսով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ Նույն ժամանակ այդ առաքումները կազմել են Հայաստանից Ռուսաստան արտահանման գրեթե մեկ երրորդը, մինչդեռ ընդհանուր արտահանումը Ռուսաստան տարեկան կտրվածքով նվազել է ավելի քան 4 տոկոսով՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ռուսական արգելքների պատճառով։
Այս վերաարտահանման մեծ ծավալներն են նաև պատճառը, որ արևմտյան արտադրության սմարթֆոններ ներմուծող Mobile Center ընկերությունը նախորդ տարի դարձավ Հայաստանի խոշորագույն կորպորատիվ հարկատուն։ ՊԵԿ-ը 2026 թվականի հունվար-հունիսին ընկերությունից հավաքել է 38.2 միլիարդ դրամ՝ մոտ $105 միլիոն տարբեր հարկերի տեսքով, ինչը շուրջ 16 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Mobile Center-ը աշխարհի առաջատար սմարթֆոն արտադրողների՝ մասնավորապես Apple, Samsung և Xiaomi ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է։ Ինչպես բազմաթիվ այլ հայկական ընկերություններ և անհատ գործարարներ, այն ևս օգտվել է այն իրավիճակից, որը ստեղծվել է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո կիրառված արտահանման սահմանափակումների հետևանքով։ Այդ ժամանակից վերաարտահանումը դարձել է Հայաստանի տնտեսական աճի կարևոր խթաններից մեկը։
Այժմ այս ոլորտը ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերություններում մնում է հազվադեպ դրական ուղղություններից մեկը։ Մայիսին և հունիսին Մոսկվան, հղում անելով սանիտարական հիմքերին, արգելափակել էր հայկական մրգերի, բանջարեղենի, կտրած ծաղիկների, հանքային ջրի, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Այդ ճնշման ֆոնին Երևանից պահանջվում էր արագ կողմնորոշվել՝ շարունակե՞լ ձգտել Եվրոպական միության անդամակցությանը, թե՞ մնալ Ռուսաստանի գլխավորած առևտրային բլոկում։ Հունիսին և հուլիսին Հայաստանի արտահանումը զգալիորեն նվազել է։
Ռուսաստանցի պաշտոնյաները զգուշացրել են նաև հնարավոր այլ պատժիչ քայլերի մասին, այդ թվում՝ Հարավային Կովկասի այդ երկրին մատակարարվող ռուսական բնական գազի գնի կտրուկ բարձրացման և ռուս զբոսաշրջիկների այցելությունների սահմանափակման վերաբերյալ։ Այդուհանդերձ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է կառավարության եվրոպական ինտեգրման քաղաքականությունից հրաժարումը։
Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն ու արտահանման շուկան՝ կազմելով տարվա առաջին կեսի արտաքին առևտրի 27.5 տոկոսը։ Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է $1.23 միլիարդ, իսկ Եվրոպական միություն՝ $516 միլիոն։
Աղբյուր՝ www.azatutyun.am
