Հայաստանի կենտրոնական բանկը սեպտեմբերի 14-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը։ ԿԲ-ի հաղորդագրության համաձայն՝ մետաղադրամի անվանական արժեքը 5,000 դրամ է, այն պատրաստված է 925 հարգի արծաթից։
Հուշադրամի էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրգինյանն է։ Այն հատվել է Լիտվայի դրամահատարանում։ Մետաղադրամի քաշը 168.1 գ է, տրամագիծը՝ 63 մմ, որակը՝ պրուֆ, իսկ եզրը՝ հարթ և համարակալված։ Թողարկման տպաքանակը 300 հատ է։
Դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի զինանշանը, որի ներքևում նշված է «5000 դրամ» անվանական արժեքը։ Այս հատվածը շրջանակված է հայկական զարդանախշով։
Դարձերեսին պատկերված է Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.), ոճավորված եռագույնը, «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» գրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրհներգից՝ «Մեր Հայրենիք»-ից տողերը՝ «...Թող միշտ պանծա Հայաստան»։ Տեքստի հեղինակը Մ. Նալբանդյանն է, երաժշտության հեղինակը՝ Բ. Կանաչյանը։

Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ հուշադրամները պատրաստվում են թանկարժեք մետաղներից՝ հանրությանը երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները ներկայացնելու, դրանք մետաղի մեջ հավերժացնելու, ինչպես նաև նումիզմատիկ շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով։
Թեև հուշադրամները, ինչպես մյուս մետաղադրամները, ունեն անվանական արժեք և համարվում են վճարման միջոց, դրանց անվանական արժեքը զգալիորեն ցածր է ինքնարժեքից։ Վերջինս ձևավորվում է օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրական և այլ ծախսերից։ Այդ պատճառով նման մետաղադրամներն առավելապես դիտվում են որպես հավաքածուային առարկաներ, ոչ թե դրամաշրջանառության մեջ լայնորեն օգտագործվող վճարամիջոց։
ԿԲ-ն նաև նշում է, որ հուշադրամների վաճառքի գինը սահմանում է հենց Կենտրոնական բանկը։ Դրանք թողարկվում են խիստ սահմանափակ տպաքանակով և կրկնակի չեն արտադրվում։ Նումիզմատները, հավաքորդներն ու բոլոր ցանկացողները կարող են Հայաստանի հուշադրամները ձեռք բերել ԿԲ «Նումիզմատ» խանութում։
Հաղորդագրությունում նաև ընդգծվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ Հանրապետության շրջանը։ Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը, ստեղծվել են պետական պարգևները, իսկ 1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը։ ԿԲ-ի ձևակերպմամբ՝ անկախ ժողովրդավարական պետության կայացումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև մեծացրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հասարակական կյանքում։
Նույն աղբյուրի համաձայն՝ անկախության շրջանի կարևոր ձեռքբերումներից մեկն ազգային բանակի ձևավորումն էր՝ որպես հայկական պետականության պաշտպան։ Այսօր Հայաստանը անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, Անկախ պետությունների համագործակցությանը, Եվրոպայի խորհրդին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Եվրասիական տնտեսական միությանը և այլ միջազգային կազմակերպությունների։
Աղբյուր՝ finport.am
