Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։
2024 թվականի հուլիսի 29-ին, գլխավոր դատախազությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:
Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ:
2026 թվականի հունիսի 17-ին, գլխավոր դատախազության վարչությունում պատասխանողներ Իշխան Զաքարյանի և նրան փոխկապակցված անձանց հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է 304 միլիոն 554 հազար դրամն 6 ամսվա ընթացքում վերադարձնել Հայաստանին:
2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 71 հա մակերեսով 15 հողատարածք:
2026 թվականի հունիսի 19-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:
2026 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է հաշտության համաձայնությունը:
Աղբյուր՝ hetq.am
