Bankomat

Հայաստանի եվրապարտատոմսերի ռիսկի հավելավճարը նվազել է մինչև մոտ 170 բազիսային կետ

Լուրեր|2026/09/16 05:55
Հայաստանի եվրապարտատոմսերի ռիսկի հավելավճարը նվազել է մինչև մոտ 170 բազիսային կետ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ ցուցանիշի կայունությունը դեռ պետք է գնահատել։

Հայաստանի եվրապարտատոմսերի ռիսկի հավելավճարը նվազել է մինչև մոտ 170 բազիսային կետ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ առաջընթացին միտված գնահատման տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե որքան երկարաժամկետ և կայուն է այս նվազումը։ Գալստյանը նախազգուշացրել է, որ եթե ապագայում ի հայտ գան այնպիսի հարկաբյուջետային ծախսեր, որոնք կվտանգեն Հայաստանի հարկաբյուջետային տարածքը, դրա գինը կլինի ոչ միայն ԿԲ-ի կողմից ավելի բարձր տոկոսադրույքը, այլև երկրի ռիսկի հավելավճարի աճը և ներդրողների սպասումների փոփոխությունը՝ դեպի ավելի բարձր եկամտաբերություն Հայաստանում ներդրումներ կատարելու համար։

«Մենք պետք է հասկանանք՝ սա որքանով է երկարաժամկետ, որքանով՝ կայուն։ Արդյոք սա պայմանավորված է նրանով, որ մենք աշխարհի բոլոր ներդրողների համար ամենագրավիչ ուղղությունն ենք, թե նրանով, որ կան հարկաբյուջետային խնդիրներ, և ներդրողները ցանկացած գնով նոր ուղղություններ ու նոր տարածքներ են փնտրում», - ասել է նա։

Ինչ է նշվում ԿԲ զեկույցում

ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության III եռամսյակի զեկույցում նշվում է, որ Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը շարունակել է նվազել՝ արտացոլելով ինչպես գլոբալ, այնպես էլ Հայաստանի համար առանձնահատուկ գործոնների ազդեցությունը։

Միաժամանակ զեկույցը մատնանշում է, որ թեև Հայաստանի ռիսկի հավելավճարի շարժը համահունչ է եղել զարգացող երկրների ընդհանուր միտումներին, աստիճանաբար ուժեղանում են ազդակները, որ ներկայիս ցածր մակարդակները կարող են առավելապես պայմանավորված լինել հիմնարար ցուցանիշների բարելավմամբ և Հայաստանին հատուկ գործոններով, այդ թվում՝ Հայաստանի շուրջ անվտանգության ռիսկերի ընկալվող նվազումով։ Նշվում է նաև, որ 2025–2026 թվականներին անվտանգության ռիսկերի աստիճանական թուլացման պայմաններում Հայաստանի արտարժութային պարտատոմսերի եկամտաբերությունն ավելի մեծ չափով է նվազել, քան զարգացող երկրների խմբում ընդհանուր առմամբ։

Մասնավորապես, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտարժութային պարտատոմսերի և զարգացող երկրների խմբի սպրեդների տարբերությունը համեմատաբար առանց ռիսկի համարվող հենանիշ ակտիվների՝ SOFR-ի նկատմամբ, միջինում կազմել է մոտ 10 բազիսային կետ։ Այսինքն՝ ներդրողները միջինում ավելի բարձր հավելավճար էին պահանջում Հայաստանի պետական եվրապարտատոմսերում ներդրումների համար, քան զարգացող երկրների խմբում ընդհանուր առմամբ։ 2025 թվականի օգոստոսից այդ տարբերությունը սկսել է կրճատվել և դարձել բացասական՝ 2026 թվականի օգոստոսին միջինում կազմելով մոտ 60 բազիսային կետ։

Զեկույցում նաև նշվում է, որ զարգացող երկրների կարճաժամկետ ռիսկի հավելավճարների նվազմանը նպաստում են համաշխարհային տնտեսությունում բարձր իրացվելիությունը և ընդհանուր առմամբ ավելի ռիսկային ակտիվներում ներդրումների նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Այս համատեքստում հիմնական անորոշությունը կապված է այն հարցի հետ, թե զարգացող երկրներում և Հայաստանում դիտվող ընթացիկ միտումները որքանով են երկարաժամկետ և հիմնարար բնույթի։

ԿԲ-ի գնահատմամբ՝ սա էական անորոշություն է ստեղծում Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարի երկարաժամկետ կայուն մակարդակի և չեզոք տոկոսադրույքի մեկնաբանման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, ռիսկի նկատմամբ ախորժակի աճի և երկրների հիմնարար ցուցանիշների բարելավման ֆոնին ներդրողների վերաբերմունքը զարգացող երկրների նկատմամբ լավացել է, իսկ Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը բարելավվել է ավելի արագ, քան զարգացող երկրների դեպքում ընդհանուր առմամբ, հավանաբար՝ անվտանգության ռիսկերի թուլացման պատճառով։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ