Հայաստանի դեսպանն Իրանի Իսլամական Հանրապետությունում Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, «Իրանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Ջաբբար Ալի Զաքերիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքները, ինչպես նաև առկա հնարավորությունները։
Դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ հայկական մոտեցումները՝ ընդգծելով Հայաստանի տարածքով դրանց զարգացման, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։
Զրույցում անդրադարձ է եղել նաև «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծին։ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է նախագծի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման համատեքստում նախատեսված մեխանիզմները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության խթանման հետ կապված դրույթները։

Աղբյուր՝ finport.am
