Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռուսական ռուբլով կանխիկ գործարքների սահմանափակումը պայմանավորված է Ռուսաստանում կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումներով, «Ազատության» հարցմանն այսպես արձագանքեցին Բանկերի միությունից:
Սահմանափակումները, ըստ Բանկերի միության, վերաբերում են Ռուսաստանի տարածքից դուրս գործող, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններին:
Հավելյալ պարզաբանում, թե ինչու է Ռուսաստանը սահմանափակում իր արժույթի՝ կանխիկ ռուբլու ընդունումը, դեռ չկա: Ռուսաստանի կենտրոնական բանկի էջում միայն հասանելի է մայիսի 20-ի մի շրջաբերական՝ կանխիկի միջոցով գործարքներն ավելի մանրակրկիտ ստուգելու վերաբերյալ, որպեսզի կանխվի հնարավոր փողերի լվացումն ու այլ ապօրինի գործունեությունը:
Միևնույն ժամանակ, կանխիկի շրջանառությունը Ռուսաստանում վերջին շրջանում կայուն ավելանում է, «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հունվարից հունիս կանխիկի աճը կազմել է 1.4 տրիլիոն ռուբլի, ինչը վերջին վեց տարվա առավելագույն ցուցանիշն է:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է՝ այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանից կանխկի արտահոսքի հետևանքով:
«Սա կախված չէ մեր արտագնա աշխատանքի մեկնողների գործունեության հետ, սա ավելի շատ կախված է Ռուսաստանից վերջին ամիսների կապիտալի արտահոսքի հետ, և այդ արտահոսքի ազդեցությունը մեղմելու համար մեր բանկերը նման քաղաքականություն սկսեցին վարել», - ասաց տնտեսագետը:
Հայաստանում հուլիսի կեսերից շատ բանկերում կանխիկ ռուբլի մուտքագրելու համար 5-10 տոկոս միջնորդավճար կպահանջեն:
Բանկերը մեծ տարբերություն են սահմանել նաև կանխիկ ռուբլու փոխանակման գներում:
Հայաստանում կանխիկի ներհոսքի ու արտահոսքի մասով պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն ռուսական ռուբլու փոխանցումները 2021-ի համեմատ 2022-ից սկսած տարեկան միջինը հինգ անգամ ավելացել են:
Աղբյուր՝ www.azatutyun.am
