Համաշխարհային բանկի նոր զեկույցի համաձայն՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու՝ Միջին միջանցքի ամբողջ ներուժի օգտագործումը կարող է Ադրբեջանի տնտեսությանը բերել լրացուցիչ 1,3 միլիարդ դոլար։
Բանկի հաշվարկներով՝ միջանցքի լիարժեք գործարկման դեպքում Ադրբեջանի ՀՆԱ-ն կարող է ավելանալ ևս 1,84 տոկոսով, իսկ զբաղվածությունը՝ 1,5 տոկոսով։ Զեկույցում աճը կապվում է տարանցիկ բեռնափոխադրումներից եկամուտների ավելացման, նավահանգստային և երկաթուղային ոլորտների զարգացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի հետ առևտրի ընդլայնման հետ։
Միաժամանակ Համաշխարհային բանկը նշում է, որ միայն ենթակառուցվածքների զարգացումը բավարար չէ։ Ըստ զեկույցի՝ անհրաժեշտ է արագացնել մաքսային ընթացակարգերը, թվայնացնել լոգիստիկ համակարգերը և շարունակել տրանսպորտային ոլորտի բարեփոխումները։
Զեկույցում նաև ասվում է, որ երկարաժամկետ հեռանկարում Միջին միջանցքի զարգացումը կարող է երթուղու մասնակից երկրների ընդհանուր ՀՆԱ-ն ավելացնել շուրջ 58 միլիարդ դոլարով կամ 3,3 տոկոսով։
Միջին միջանցքը, որը հայտնի է նաև որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի, Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ՝ անցնելով Կասպից ծովով և Հարավային Կովկասով։ Ներկայումս այդ երթուղին շրջանցում է Հայաստանը և անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա ուղղությամբ։

Աղբյուր՝ www.azatutyun.am
