Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզի բնակիչների համար հանգստի այս տարվա ամենապահանջված ուղղությունը կրկին Վրաստանն է՝ Քոբուլեթին և Ուռեկին։ Այս ուղղության պահանջված լինելը պայմանավորված է մատչելիությամբ, այլ ոչ թե որակով կամ հարմարավետությամբ։
«Այստեղ գերադասում է գնալ այն մասսան, որը ֆինանսի խնդիր ունի, երկու հոգու համար այս ուղղությունը՝ ուղևորափոխադրումով, հյուրանոցով, երկուանգամյա սննդով, 130 հազարից մինչև 150 հազար դրամ է, իսկ Հայաստանի ներսում Դիլիջան կամ Ծաղկաձոր մեկ օր մնալու համար պահանջվում է 60-70 հազար դրամ։ Իհարկե, Հայաստանի ներսում էժան տեղեր էլ կան, բայց շատ քիչ են, էժան ասվածը 30-35 հազար դրամն է։ Եթե մարդը պետք է գնա, 30-35 հազար դրամ տա մեկ գիշերվա համար, ու նախատեսված է միայն նախաճաշ, ոչ լողավազանով կամ այլ ծառայություններով տեղ է, Գյումրիից էլ մինչև հասնի այդ տեղը ու վերադառնա, եթե սեփական մեքենա ունի, 10-15 հազար դրամ ծախսը կավելանա, եթե չէ, տաքսիով կամ այլ տրանսպորտով գնա, ավելի շատ ծախս կանի։
Բնականաբար, Հայաստանի ներսում երկօրյա հանգիստն այնքան կնստի մարդու վրա, որքան Վրաստանի մեկշաբաթյա հանգիստը»,- ասաց Գոռ Թորոսյանը։
Նա նաև նշեց, որ երկրորդ պահանջված ուղղությունը Եգիպտոսն է, սակայն սա ևս թանկացել է։
Աղբյուր՝ www.aravot.am
