Bankomat

«Ֆիզմաթ Ֆրենդս» հիմնադրամը դարձել է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբերյան շահառուն

Լուրեր|2026/10/13 17:28
«Ֆիզմաթ Ֆրենդս» հիմնադրամը դարձել է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբերյան շահառուն

Նախաձեռնությամբ հավաքված միջոցները կուղղվեն օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը Հայաստանում։

The “Physmath Friends” Charitable Foundation is the October beneficiary of “The Power of One Dram”

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբերյան շահառուն «Ֆիզմաթ Ֆրենդս» բարեգործական հիմնադրամն է։ Հավաքագրված միջոցները կուղղվեն «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ ապահովելով օլիմպիական ակումբների անընդհատ աշխատանքը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը և ավելի շատ աշակերտների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը։

Նախաձեռնության շրջանակում սեպտեմբերին կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխություն և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը։ Այդ ծրագիրը միտված է ընդգծելու կանանց ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման գործում։

Idram-ի և IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևորում է կրթության հասանելիության ընդլայնումն ու մարզերում երեխաների ներուժի բացահայտման համար հնարավորությունների ստեղծումը։ Նրա խոսքով՝ կրթությունն ու համաչափ տարածքային զարգացումը «Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական առաջնահերթություններից են։

Տաթևիկ Վարդևանյանը նաև նշել է, որ շահառու երեխաների համար նախատեսվում է կազմակերպել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ։ Դրանք, նրա գնահատմամբ, կօգնեն երեխաներին ձեռք բերել ժամանակակից աշխարհում կողմնորոշվելու համար անհրաժեշտ հմտություններ։

«Ֆիզմաթ Ֆրենդս» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սերինե Ավետիսյանի խոսքով՝ օլիմպիական կրթությունը դպրոցականների մոտ զարգացնում է վերլուծական մտածողությունն ու համառությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ապագա առաջնորդները ձևավորվում են հենց դպրոցական տարիներին, և կարևոր է, որ յուրաքանչյուր տաղանդավոր երեխա՝ անկախ բնակության վայրից, կարողանա բացահայտել ու իրացնել իր ներուժը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությանը միանալու համար վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով կամ Idram և IDBank վճարային տերմինալներով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ հայկական դրամ են փոխանցում կարևոր սոցիալական, համայնքային և կրթական ծրագրերի իրականացմանը։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ