Bankomat

Firebird-ի գործող AI-կենտրոնը Հրազդանում տեխնոլոգիական սառեցման համար ջուր չի ծախսում

Լուրեր|2026/09/16 14:55
Firebird-ի գործող AI-կենտրոնը Հրազդանում տեխնոլոգիական սառեցման համար ջուր չի ծախսում

Մինչև 300 ՄՎտ ընդլայնման համար ևս հայտարարված է չոր սառեցման համակարգ, սակայն անուղղակի ջրային հետքը դեռ ամբողջությամբ հաշվարկված չէ։

Հրազդանում NVIDIA տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված Firebird AI կենտրոնի գործարկումից հետո Հայաստանում քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք նախագծի ընդլայնումը կարող է հավելյալ ճնշում ստեղծել երկրի ջրային ռեսուրսների վրա։ ARKA-ի ուսումնասիրած նյութերը, ինչպես նաև ընկերության և Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ գործող օբյեկտում տեխնոլոգիական սառեցման համար մշտական ջրասպառում չի իրականացվում։

Գործող առաջին հերթի հաշվարկային հզորությունը մինչև 15 ՄՎտ է, մինչդեռ Firebird-ը նախկինում հայտարարել էր ենթակառուցվածքը մինչև 300 ՄՎտ մասշտաբավորելու մտադրության մասին։ Ընկերությունը նաև պարզաբանել է, որ 15 ՄՎտ-ը հաշվարկային կլաստերի պիկ հզորությունն է, իսկ 18 ՄՎտ-ը՝ ամբողջ համալիրի առավելագույն հնարավոր էլեկտրասպառումը՝ ներառյալ ինժեներական և սպասարկող ենթակառուցվածքները։ Առաջին հերթը ներառում է 6144 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսոր։

Որտեղից է հայտնվել օրական գրեթե 2 մլն լիտրի գնահատականը

Հանրային դաշտում շրջանառվում էր մոտ 500 հազար ամերիկյան գալոն, կամ օրական շուրջ 1,89 մլն լիտր ջրի գնահատականը։ Այդ թիվը 2025 թվականի նոյեմբերին հիշատակել էր Eurasianet-ը՝ այն ժամանակ քննարկվող 100 ՄՎտ հզորությամբ տվյալների կենտրոնի համատեքստում։ Սակայն հրապարակման մեջ չէր նշվել ոչ սկզբնաղբյուրը, ոչ էլ հաշվարկի մեթոդաբանությունը։ Հղումը վերաբերում էր էլեկտրասպառման, ոչ թե ջրասպառման գնահատականին, ուստի այդ թիվը չի կարող դիտվել որպես Firebird-ի փաստացի ջրօգտագործման հաստատված ցուցանիշ։

ARKA-ն նշում է, որ տվյալների կենտրոնների ջրասպառման տիպային գնահատականները չի կարելի ավտոմատ տեղափոխել Հրազդանի օբյեկտի վրա, քանի որ վերջնական ցուցանիշը կախված է ոչ միայն հզորությունից, այլ նաև կոնկրետ սառեցման տեխնոլոգիայից, կլիմայից և շահագործման ռեժիմից։

Ինչու են տվյալների կենտրոններին ջուր պետք լինում

Արհեստական բանականության մոդելների ուսուցման և աշխատանքի համար օգտագործվող բարձր հզորության գրաֆիկական պրոցեսորները մեծ քանակի ջերմություն են արտադրում, որը պետք է անընդհատ հեռացվի։ Սակայն «հեղուկային սառեցում» և «ջրի ծախս» հասկացությունները նույնը չեն։

Եթե ջուրը կամ հատուկ ջերմակիր հեղուկը շրջանառվում է փակ համակարգում՝ սառեցվող բաղադրիչների, բաշխիչ բլոկների և ջերմափոխանակիչների միջև, ապա այն վերաօգտագործվում է և հիմնականում չի ծախսվում։ Մշտական մեծ ջրասպառում սովորաբար առաջանում է այն դեպքերում, երբ ջերմությունը դուրս է բերվում գոլորշիացնող աշտարակների կամ այլ գոլորշիացնող համակարգերի միջոցով։

Ըստ հրապարակված տեխնիկական տվյալների և ընկերության մեկնաբանությունների՝ Firebird-ի դեպքում արտաքին ջերմահեռացումն իրականացվում է չոր եղանակով, ինչը էապես նվազեցնում է ուղղակի ջրասպառումը։

Ինչ համակարգ է օգտագործվում Firebird-ում

Firebird-ը ARKA-ին հայտնել է, որ գործող օբյեկտում կիրառվում են Vertiv-ի FIZ125 և LVZ090 շարքի կայանքներ՝ փակ սառեցման համակարգերով։ Ընկերության տվյալներով՝ տվյալների կենտրոնում գոլորշիացնող և ադիաբատիկ սառեցում չի օգտագործվում անգամ ամենաշոգ ժամանակահատվածներում։ Ջերմակիրը շրջանառվում է փակ համակարգում և ջերմությունը փոխանցում է ռադիատորներին, որոնք սառեցվում են օդափոխիչների միջոցով՝ միայն մթնոլորտային օդի հաշվին։

Նախկինում NVIDIA-ն հաղորդել էր, որ Vertiv-ը Firebird-ի համար մատակարարել է սառեցման ճարտարապետություն, որը միավորում է chilled water տեխնոլոգիան, iCOM CWM կառավարման համակարգը և Vertiv TrimCooler արտաքին ջերմահեռացման լուծումը։ Vertiv-ի պաշտոնական կատալոգում CoolLoop Trim Cooler-ը նկարագրված է որպես ամբողջությամբ չոր լուծում, որը չի պահանջում մշտական ջրամատակարարում արտաքին սառեցման համար։ Բարձր արտաքին ջերմաստիճանների դեպքում պիկ բեռը վերցնում են R1234ze սառնագենտ օգտագործող կոմպրեսորները։

Ընկերությունը համակարգի աշխատանքը համեմատում է ավտոմոբիլի ռադիատորի սկզբունքի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ խոսքը շատ ավելի բարդ արդյունաբերական համակարգի մասին է։ Պարզեցված ձևով այն աշխատում է այսպես՝ ջերմակիրը վերցնում է պրոցեսորների արտադրած ջերմությունը, փոխանցում այն արտաքին հովացուցիչին և սառչելուց հետո կրկին վերադառնում համակարգ։

Ինչու է ընտրվել Հրազդանը

Firebird-ի խոսքով՝ AI կենտրոնի տեղակայման համար Հրազդանի ընտրության գործոններից մեկը տեղական կլիման էր։ Ընկերության տվյալներով՝ վերջին տասը տարում քաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցել 36,5°C-ը, ինչը թույլ է տալիս կիրառել չոր սառեցում նաև շոգ օրերին։

Firebird-ը նաև հայտնել է, որ գործող տարածքում այժմ ջրամատակարարման ենթակառուցվածք ընդհանրապես չկա։ Ապագայում այն անհրաժեշտ կլինի աշխատակիցների կենցաղային և սանիտարական կարիքների համար։

Ինչ կա փակ կոնտուրի ներսում

Ընկերության տվյալներով՝ փակ համակարգում գտնվում է մոտ 250 տոննա գլիկոլային հիմքով ջերմակիր, որը ներմուծվում է Եվրոպայից, շրջանառվում է փակ կոնտուրում և սառեցման ընթացքում չի սպառվում։ Դրա պլանային փոխարինումը նախատեսված է մոտավորապես յուրաքանչյուր 5–8 տարին մեկ։

Սա նշանակում է, որ համակարգում կիրառվող հեղուկը ծառայում է ջերմության փոխանցմանը և չի հանդիսանում անընդհատ մատակարարվող ու ծախսվող ռեսուրս, ինչպես այն կենտրոններում, որոնք օգտագործում են գոլորշիացնող աշտարակներ։

Սա նշանակո՞ւմ է, որ ջուր ընդհանրապես չի օգտագործվում

Ոչ։ Նույնիսկ չոր արտաքին սառեցմամբ տվյալների կենտրոնը կարող է ունենալ որոշակի, թեև սահմանափակ, ջրօգտագործում։ Հեղուկ կարող է պահանջվել համակարգի սկզբնական լցման, տեխնիկական սպասարկման և հնարավոր կորուստների փոխհատուցման համար։ Ջուրը կարող է օգտագործվել նաև աշխատակիցների կենցաղային կարիքների, մաքրման և հակահրդեհային ենթակառուցվածքի համար։

Country Water Partnership Armenia գիտաէկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի գնահատմամբ՝ ընկերության ներկայացուցիչների տրամադրած տեղեկությունների համաձայն, համակարգի նախնական լվացման համար օգտագործվել է մոտ տասը մեքենա ջուր։ Նրա խոսքով՝ դա զգալի ծավալ չէ, իսկ փակ ցիկլի պատճառով համակարգը լցվելուց հետո 5–6 տարվա ընթացքում լրացման անհրաժեշտություն կարող է ընդհանրապես չառաջանալ։

Կա նաև անուղղակի ջրային հետք

Ուղղակի ջրասպառումը տվյալների կենտրոնի ջրային հետքի միայն մի մասն է։ Կա նաև անուղղակի բաղադրիչ, որը կապված է էլեկտրաէներգիայի արտադրության հետ։ Որոշ էլեկտրակայաններ ջուր են օգտագործում սառեցման համար, իսկ հիդրոէլեկտրակայանների ջրամբարներում ջրի մի մասը կորչում է գոլորշիացման հետևանքով։

Firebird-ի ընդլայնման նախագծային փաստաթղթերի համաձայն՝ նախագիծը նախատեսում է խոշոր էներգետիկ ենթակառուցվածք՝ էլեկտրամատակարարմամբ Հրազդանի ՀԷԿ-ի և Հրազդանի ՋԷԿ-ի հետ կապված աղբյուրներից։ Միևնույն ժամանակ, հենց օբյեկտում բնական գազ չի օգտագործվելու։ Սակայն առկա նյութերը բավարար չեն AI կենտրոնի էլեկտրամատակարարման անուղղակի ջրային հետքը ճշգրիտ հաշվարկելու համար։

Ինչ է ասում Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ARKA-ին հայտնել է, որ «Firebird AI» ՓԲԸ-ն պետական ջրային կադաստրում գրանցված չէ որպես ջրօգտագործող և ջրօգտագործման թույլտվության հայտ չի ներկայացրել։ Միաժամանակ օբյեկտի ընդլայնումն այժմ անցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգը։

Ընկերությունը օգոստոսի 7-ին ներկայացրել է Հրազդանում AI տվյալների կենտրոնի ընդլայնման հաշվետվությունը։ Թարմացված ՇՄԱԳ փաստաթղթի համաձայն՝ արդեն գործող 5,813 հա տարածքին կավելանա ևս 30 հա, և համալիրի ընդհանուր տարածքը կհասնի մոտ 35,8 հա-ի։ Տեխնիկական տարածքների համար նախագծով նախատեսված է չիլերային համակարգ՝ փակ ջրա-գլիկոլային կոնտուրով։ Փաստաթղթում նշվում է, որ սառեցման համար մշտական ջրասպառում չի սպասվում, իսկ համակարգի լցնումը ենթադրվում է մոտավորապես ութ տարին մեկ։

Որքա՞ն ջուր կպահանջվի ընդլայնված համալիրին

Նույնիսկ եթե տեխնոլոգիական սառեցման համար մշտական ջուր չպահանջվի, ընդլայնված օբյեկտը ջուր կօգտագործի ոչ տեխնոլոգիական նպատակներով։ Նախագծային փաստաթղթերով շահագործման փուլում կենցաղային առավելագույն ջրասպառումը գնահատվում է օրական 25 խմ։

Firebird-ը նաև հայտնել է, որ մինչև 300 ՄՎտ հայտարարված մասշտաբավորման դեպքում ևս նախատեսում է պահպանել չոր սառեցման սկզբունքը։ Այնուամենայնիվ, ընդլայնման բնապահպանական գնահատման գործընթացը դեռ շարունակվում է, իսկ նախագծի ավելի լայն ջրային ազդեցության վերջնական պատկերը լրացուցիչ տվյալների կարիք ունի։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ