
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հաղորդել է Անատոլիական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ֆիդանը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափերով։ Նա նաև կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Օրակարգում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության զարգացումը։ Կողմերը նախատեսում են քննարկել քայլեր, որոնք միտված են երկու երկրների առաջնորդների սահմանած նպատակին՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը մինչև 15 մլրդ դոլարի հասցնելուն։
Քննարկումների թեմաներից են լինելու նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում։
Բացի այդ, նախատեսվում է անդրադառնալ միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը։ Անատոլիական գործակալության փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը նաև շեշտադրելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը և վերահաստատելու է Անկարայի աջակցությունը կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը։
Աղբյուր՝ mediamax.am
