








Եվրոպական խորհրդարանը 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայներով հաստատել է հայկական արտադրանքի համար նախատեսված ժամանակավոր Autonomous Trade Measures-ը, հայտնում է Factor.am-ը։
Որոշումը հաջորդում է սեպտեմբերի 2-ին Եվրոպական միության խորհրդի՝ Coreper II դեսպանների մակարդակով տրված հավանությանը։ Նախաձեռնությունը նախատեսում է հայկական ապրանքների լայն շրջանակի նկատմամբ մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում երկու տարի ժամկետով և, ըստ գնահատականների, կարող է ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80%-ը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը 35 կողմ, երկու դեմ և երեք ձեռնպահ ձայներով նույնպես աջակցել էր առաջարկին, որը վերաբերում է Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող ապրանքների համար առևտրային արտոնությունների տրամադրմանը և մաքսատուրքերի ժամանակավոր ազատականացմանը։
Նախկինում հաղորդվել էր, որ կարգավորումը ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը և կգործի այդ օրվանից երկու տարի։
Միևնույն ժամանակ, մաքսատուրքերի ժամանակավոր կասեցումը չի լինելու անվերապահ։ Արտոնյալ ռեժիմից օգտվելու համար Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կանոնները, ապահովի վարչական համագործակցությունը ԵՄ-ի հետ և նոր առևտրային սահմանափակումներ չսահմանի Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Բացի այդ, Հայաստանը պետք է հարգի EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)-ի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները։
Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնությունն առաջարկել էր այն բանից հետո, երբ հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկա արգելվել էր։ Բրյուսելում նշում են, որ միջոցառումները միաժամանակ նպատակ ունեն մեղմելու Ռուսաստանի սահմանափակումների ազդեցությունը և խորացնելու ԵՄ-Հայաստան առևտրային կապերը CEPA-ի շրջանակում։
Աղբյուր՝ www.pan.am
