
Սեպտեմբերի 19-20-ին Երևանի «Երազ» այգում կանցկացվի «Մեղրատոն 2026»-ը՝ մեղրի և այլ մեղվաբուծական արտադրանքի ամենամյա ցուցահանդես-տոնավաճառը։ Միջոցառմանը կմասնակցեն մեղվաբույծներ, արտադրողներ և սպառողներ Հայաստանի տարբեր մարզերից։
Այս տարվա՝ արդեն չորրորդ «Մեղրատոնի» նպատակը տեղական արտադրության մեղրի և մեղվաբուծական ապրանքների վաճառքի խթանումն է։ Կազմակերպիչները նշում են, որ հարթակը ստեղծում է անմիջական շփման և համագործակցության հնարավորություն սպառողների, արտադրողների և ոլորտային կազմակերպությունների միջև։
Այցելուները կկարողանան համտեսել և գնել Հայաստանի տարբեր շրջաններում արտադրված մեղր ու մեղվաբուծական արտադրանք, այդ թվում՝ մեղրամոմ, ծաղկափոշի, պրոպոլիս և կոսմետիկ միջոցներ։ Միջոցառումը նաև հնարավորություն է փոքր արտադրողներին ներկայացնել իրենց արտադրանքը, ընդլայնել շուկաները և ավելացնել եկամուտները։

Տոնավաճառն ուղղված է ոչ միայն վաճառքի խթանմանը, այլև ոլորտում նորարար մոտեցումների տարածմանը։ Մասնակիցներն ու այցելուները կծանոթանան արհեստական բանականությամբ աշխատող «խելացի փեթակ» կառավարման լուծումներին, որոնք թույլ են տալիս վերահսկել փեթակի ներսի պայմանները, այդ թվում՝ ջերմաստիճանն ու խոնավությունը, ինչպես նաև վերլուծել հավաքագրված տվյալները՝ հիվանդությունների և այլ խնդիրների վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար։
Ծրագրում ընդգրկված են նաև մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտի խնդիրների և հնարավորությունների շուրջ, ինչպես նաև աշխատարաններ՝ մեղուների հիվանդությունների կանխարգելման ու կառավարման, մեղվաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիաների և դրա առաջմղման թեմաներով։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև Լոռու մարզի Մարգահովիտում գործող Beekeeping Forge Scientific and Educational Research Centre-ի ծառայությունները։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում մեղվաբուծական տնտեսությունների արտադրողականության և մրցունակության բարձրացման համար։ Այն ստեղծվել է Beekeeping Forge Scientific and Educational Research Centre-ի և Swiss Agency for Development and Cooperation (SDC)-ի կողմից ֆինանսավորվող Sustainable Inclusive Growth in Mountainous Armenia (SIGMA) ծրագրի համատեղ ներդրմամբ։

Մասնագիտական հատվածից բացի, «Մեղրատոն 2026»-ը կունենա նաև ժամանցային ծրագիր՝ ժողովրդական երգի և պարի կատարումներով ու տարբեր խաղերով։
Միջոցառումը կազմակերպում է Beekeeping Academy NGO-ն՝ Beekeeping Forge Scientific-Educational Centre-ի հետ գործընկերությամբ։ Աջակիցներն են Acba Federation-ը և Sustainable Inclusive Growth in Mountainous Armenia (SIGMA) նախագիծը։
Աղբյուր՝ en.b24.am
