
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվել է ՌԴ միջպետական բանկի ռազմավարական զարգացման դեպարտամենտի պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվել են ՌԴ ֆինտեխի և վճարային տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար նախատեսված կրթական և մասնագիտական ծրագրերը։
Պատվիրակության կազմում եղել են ռազմավարական զարգացման դեպարտամենտի տնօրեն Լյուբով Խոմյակովան, ՌԴ կենտրոնական բանկի «Ֆինտեխ Հաբ»-ի տնօրեն Նատալիա Իցկովիչը և «Ազգային վճարային քարտային համակարգ» («НСПК») նորարարությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Եվգենի Սոլովյովը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ուսանողների անմիջական շփումը ոլորտի ներկայացուցիչների հետ կարևոր հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման և նոր գիտելիք ստանալու համար։ Լյուբով Խոմյակովան իր հերթին կարևորել է Միջպետական բանկի համագործակցությունը ԵՊՀ-ի հետ և ընդգծել միջազգային համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։
Նատալիա Իցկովիչը և Եվգենի Սոլովյովը ներկայացրել են ֆինտեխի և վճարային տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար հասանելի արդի հնարավորությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ՌԴ կենտրոնական բանկի «Ֆինտեխ Հաբ»-ի նախաձեռնությանը, «365» ծրագրին, «Նորարարությունները ֆինտեխում. տեսություն և պրակտիկա» նախագծին, թրեքերների պատրաստման ուղղությանը, ինչպես նաև Վճարային տեխնոլոգիաների երիտասարդական ֆորումին։
Հյուրերը ներկայացրել են այդ ծրագրերի բովանդակությունը, ոլորտում նորարարությունների հիմնական ուղղությունները և երիտասարդների մասնագիտական զարգացման հնարավորությունները։ Քննարկվել է նաև 2026 թվականի Վճարային տեխնոլոգիաների երիտասարդական ֆորումին ԵՊՀ ուսանողների մասնակցության փորձը։
Այդ փորձի մասին պատմել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի, ֆորումի եզրափակիչ փուլի մասնակից Գայանե Դավթյանը։ Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել հյուրերին և մասնակցել մասնագիտական քննարկման՝ ստանալով հավելյալ տեղեկություն ֆինտեխի ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում կրթական և կարիերայի զարգացման ուղիների մասին։
Միջոցառմանը ներկա են եղել ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և տարբեր կուրսերի ուսանողներ։
Աղբյուր՝ b24.am
