Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները:
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետև՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին:
Որպես հետևանք, Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝
- 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,
- 2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
- վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,
- 2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ արդյունքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնելու է 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այդ թվում՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները:
«Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը, արգելվել է պատասխանողին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ armtimes.com
