
Չինաստանի պետական անվտանգության նախարար Չեն Իսինը հրապարակված հոդվածում ներկայացրել է Պեկինի ամենահստակ նախազգուշացումներից մեկը արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ տեխնոլոգիայի արագ առաջընթացը կարող է վտանգներ ստեղծել ինչպես քաղաքական կայունության, այնպես էլ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների համար։
China Cyberspace պաշտոնական ամսագրում հրապարակված հոդվածում Չեն Իսինը գրել է, որ հակառակորդների կողմից արհեստական բանականության չարամիտ կիրառումը կարող է «ուղղակիորեն սպառնալ Չինաստանի քաղաքական անվտանգությանը, պետական համակարգի անվտանգությանը և գաղափարական անվտանգությանը»։ Նրա գնահատմամբ՝ արհեստական բանականությունը գնալով ավելի արդյունավետ է դառնում համակարգերի խոցելիությունները հայտնաբերելու հարցում և կարող է օգտագործվել վնասաբեր ծրագրեր ու դրանց շահագործման գործիքներ ստեղծելու համար։
Հրապարակումը դիտվում է որպես Չինաստանի կողմից արհեստական բանականության ռիսկերի գնահատման ամենաուղիղ ձևակերպումներից մեկը։ Այն հրապարակվել է այն փուլում, երբ ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները հրապարակայնորեն կոչ են անում դանդաղեցնել տեխնոլոգիայի զարգացումը։ Միևնույն ժամանակ, նյութում որևէ նշում չկա, որ այն կապված է այդ հայտարարությունների հետ, և հոդվածում չեն հիշատակվել նաև Anthropic PBC-ի ու OpenAI-ի վերջին կոչերը՝ մեղմելու առավել հզոր մոդելների ստեղծման մրցավազքը։
Օրեր առաջ Anthropic-ի համահիմնադիր Դարիո Ամոդեն հայտարարել էր, որ արհեստական բանականության հնարավորություններն ավելի արագ են աճում, քան պաշտպանական համակարգերը։ Նա կոչ էր արել ընկերություններին, ԱՄՆ-ին և մյուս ժողովրդավարական երկրներին համակարգել իրենց քայլերը։ Չեն Իսինը ևս շեշտել է անվտանգության թեման, սակայն այն ներկայացրել է նախևառաջ քաղաքական վերահսկողության, տեխնոլոգիական ինքնիշխանության, արտաքին սպառնալիքների և ռազմավարական մրցակցության շրջանակում։
Պեկինի հիմնական մտահոգություններից մեկն, ըստ նրա, այն է, որ «թշնամական» ուժերը կարող են վարել «հանրային կարծիքի պատերազմներ» և «ճանաչողական պատերազմ»։ Չենի խոսքով՝ արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյքերը, տեքստերն ու պատկերները, ինչպես նաև սոցիալական ցանցերի բոտերը կարող են օգտագործվել քաղաքական ասեկոսեներ և վնասակար բովանդակություն տարածելու, ինչպես նաև հասարակության ներսում տարաձայնություններ խորացնելու համար։
Չեն Իսինը նաև նախազգուշացրել է, որ արհեստական բանականության ոլորտում առավելություն ունեցող երկրները, հղում անելով ազգային անվտանգության պաշտպանության անհրաժեշտությանը, կարող են սահմանել տեխնոլոգիական սահմանափակումներ, «մենաշնորհել» ճյուղային ստանդարտները և ձևավորել փակ էկոհամակարգեր։
Այս մոտեցումը համահունչ է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ հուլիսին հնչեցրած գնահատականներին, որոնք վերաբերում էին ազգային անվտանգության հայեցակարգին։

Աղբյուր՝ b24.am
