2026 թվականին Չինաստանում մարդանման ռոբոտների արտադրության ծավալը կարող է գերազանցել 100 հազար միավորը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների վարչության փոխտնօրեն Գան Սյաոբինը:
Նա այս հայտարարությունն արել է 2026 թվականի Արհեստական բանականության համաշխարհային համաժողովի (WAIC) նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Գան Սյաոբինի խոսքով՝ արհեստական բանականության վրա հիմնված կիրառությունների և AI էկոհամակարգերի զարգացումը խթանում է արագ աճող ռոբոտաշինության արդյունաբերությունը՝ հզոր ազդակ հաղորդելով երկրի տնտեսական և տեխնոլոգիական զարգացմանը:
Նրա ներկայացրած տվյալներով՝ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում արհեստական բանականության կիրառման մակարդակն արդեն գերազանցել է 30%-ը:
WAIC 2026 համաժողովը կանցկացվի հուլիսի 17-20-ը՝ Շանհայում, «AI-ի գործընկերություն՝ հանուն լուսավոր ապագայի» կարգախոսով:
Համաժողովի ծրագիրը կներառի վեց հիմնական թեմատիկ բաժին։ Մասնակցության համար արդեն գրանցվել է ավելի քան 1100 ընկերություն:
Կազմակերպիչների գնահատմամբ՝ միջոցառման ընթացքում կներկայացվի ավելի քան 3000 ցուցանմուշ, որոնցից ավելի քան 300-ը համաշխարհային պրեմիերա կդառնան:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ:
Աղբյուր՝ b24.am
