Չինաստանում դիզելի և բենզինի պաշարների կրճատումը կարող է իշխանություններին կրկին մղել վառելիքի արտահանման սահմանափակումների, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով շուկայական վերջին տվյալներին։
Չինական JLC International ապրանքային շուկայի հետազոտական ընկերության գնահատմամբ՝ պետական էներգետիկ խոշոր ընկերությունների բենզինի պաշարները նախորդ շաբաթ նվազել են 2.9%-ով և հասել 2022 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Դիզելի պաշարները ևս նվազել են 2.4%-ով և այժմ գտնվում են վերջին 15 ամսվա ամենացածր կետում։
Energy Aspects-ի վերլուծաբան Jiana Sun-ը Bloomberg-ին ասել է, որ ներքին շուկայի սեղմման պայմաններում աճում է այն ռիսկը, որ Պեկինը չորրորդ եռամսյակում կարող է մաքուր նավթամթերքների ամսական արտահանումը սահմանափակել մոտ 1.2 մլն տոննայով։
Չինաստանը նման քայլի արդեն դիմել էր գարնանը, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ ուժեղացրել էր աշխարհի խոշորագույն հում նավթի ներմուծողի համար վառելիքի մատակարարումների անվտանգության վերաբերյալ մտահոգությունները։ Միաժամանակ Չինաստանը նաև վառելիքի խոշոր արտահանող է։
Մարտի սկզբին Պեկինը էներգետիկ ընկերություններին հանձնարարել էր կասեցնել նոր արտահանման պայմանագրերը և փորձել չեղարկել արդեն համաձայնեցված արտասահմանյան մատակարարումները, քանի որ համաշխարհային վառելիքի շուկաները սեղմվում էին։ Արտահանման արգելքն ուժի մեջ էր մտել անմիջապես և վերաբերում էր բենզինի, դիզելի և ավիավառելիքի բոլոր այն խմբաքանակներին, որոնք մարտի 11-ի դրությամբ դեռ չէին անցել մաքսային ձևակերպումը։ Դրանից հետո պետական վերամշակողների մոտ բենզինի և դիզելի պաշարները հասել էին համապատասխանաբար 2025 և 2024 թվականներից ի վեր ամենաբարձր մակարդակներին։
Մեկ ամիս անց Չինաստանը մեղմեց սահմանափակումները, և հունիսին արտահանումը կտրուկ աճեց՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների պակասի ֆոնին, երբ տարածաշրջանի նավթավերամշակման գործարանները վնասվել էին անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների հետևանքով։ Այդ մեղմացումը շարունակվել է նաև հետագայում, ինչի արդյունքում արտահանումը զգալիորեն աճել է, հատկապես մազութի մասով, որի արտահանումը հունիսին հասել է 2026 թվականի առավելագույնին։
Եթե այժմ Չինաստանը որոշի սահմանափակել վառելիքի արտահանումը՝ ներքին շուկան պաշտպանելու համար, դա կարող է ավելի սրել համաշխարհային շուկայի իրավիճակը, որտեղ արդեն առկա է դիզելի դեֆիցիտ, իսկ պահանջարկը սեզոնային աճի փուլում է։

Աղբյուր՝ oilprice.com
