
Newmag հրատարակչությունը Ակբա Բիզնես ակումբի նախաձեռնությամբ և Ակբա բանկի հովանավորությամբ հայերեն է ներկայացրել Պուլիցերյան մրցանակակիր Չարլզ Դահիգի «Սուպերհաղորդակցվողները» համաշխարհային բեսթսելլերը։
Նախաձեռնության նպատակը Հայաստանի բիզնես համայնքում արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացումն է։ Գրքում ներկայացվում են այն մոտեցումներն ու գործնական հմտությունները, որոնք օգնում են ավելի հեշտ շփվել տարբեր զրուցակիցների հետ, լուծել կոնֆլիկտներ, հստակ փոխանցել սեփական ուղերձները և ձևավորել վստահելի գործընկերային հարաբերություններ։
Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Ակբա Բիզնես ակումբի նպատակներից մեկը հայկական բիզնես միջավայրում նեթվորքի զարգացումն է։ Նրա գնահատմամբ՝ գիրքը հասցեագրում է այն խնդիրները, որոնք հաճախ են հանդիպում հայաստանյան բիզնես միջավայրում, մասնավորապես՝ հաղորդակցման ոլորտում, և գրքում տեղ գտած նույնիսկ մեկ կիրառական օրինակը կարող է գործնական ազդեցություն ունենալ բիզնես կապերի կառուցման վրա։
Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն էլ նշել է, որ մարդիկ հաճախ կարծում են, թե իրենց մտքերը հստակ են փոխանցում, սակայն հետագայում պարզվում է, որ կողմերը ճիշտ չեն հասկացել միմյանց։ Նրա խոսքով՝ գիրքը կարող է հատկապես օգտակար լինել Ակբա Բիզնես ակումբի անդամների համար, որոնց գործունեությունը ենթադրում է մշտական շփում բազմաթիվ գործընկերների և այլ շահառուների հետ։
Հրապարակման մեջ նշվում է, որ հաղորդակցական խնդիրների հաղթահարումն ու ճիշտ երկխոսության կառուցումը կարևոր նշանակություն ունեն ինչպես արտաքին գործընկերների, հաճախորդների և այլ շահառուների հետ բանակցություններում, այնպես էլ ընկերությունների ներսում՝ ղեկավարների և թիմերի միջև։ Գրքում ներառված պարզ, բայց գործնական լուծումները նախատեսված են այնպես, որ ընթերցողները կարողանան ստացած գիտելիքները կիրառել անմիջապես հաջորդ օրվանից։
Աղբյուր՝ acba.am
