
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթանում իր ձևակերպմամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Այդ մասին նա ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ նշելով, որ այս երթուղին, ըստ Բաքվի, առանձնահատուկ նշանակություն ունի որպես «Միջին միջանցքի» նոր ուղղություն։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի տարածքում Հայաստանի սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարությունը կատարվել է 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծի իրականացումը՝ 75 տոկոսով։ Նրա ներկայացմամբ՝ երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Նա նաև ասել է, որ Նախիջևանում արդեն սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով և դա համարել է այդ նախագծի մաս։ Նրա խոսքով՝ նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ ֆիզիկական աշխատանքները պետք է սկսվեն 2027 թվականին։ Բայրամովը նաև պնդել է, թեև խոսքը Հայաստանի տարածքի մասին է, մուտքն ու ելքը պետք է իրականացվեն Ադրբեջանից։
Նա ընդգծել է, որ նախագծի ավարտը, ըստ Ադրբեջանի գնահատականի, կարևոր է Եվրոպայից Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հաղորդակցություն ապահովելու համար։
Աղբյուրը հիշեցնում է, որ Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե իր հատվածում աշխատանքները գրեթե պատրաստ են շահագործման, մինչդեռ Երևանում դեռ շարունակվում են փաստաթղթային գործընթացները՝ ինչպես ներսում, այնպես էլ ամերիկյան կողմի հետ։
Հոդվածում նաև նշվում է, որ TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է։ Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինը առաջին 49 տարում կկազմի 74 տոկոս, իսկ Հայաստանինը՝ 26 տոկոս։ Եթե համագործակցությունը երկարաձգվի ևս 50 տարով, Հայաստանի բաժնեմասը կհասնի 49 տոկոսի։
TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն այժմ վավերացման փուլում է։ Նախ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ այն համապատասխանո՞ւմ է Հայաստանի Սահմանադրությանը, և դրական եզրակացությունից հետո փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան՝ վավերացման։

Աղբյուր՝ www.azatutyun.am
