Bankomat

Ավարտվել է «Արմենիկում»-ին վերաբերող 1.6 մլրդ դրամի պահանջի գործով նախաքննությունը

Լուրեր|2026/09/16 12:02
Ավարտվել է «Արմենիկում»-ին վերաբերող 1.6 մլրդ դրամի պահանջի գործով նախաքննությունը

ՔԿ-ն հայտնում է՝ դատարան է փոխանցվելու առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի և կեղծ ապացույցների գործը։

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը քննվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում։

Քննությամբ, ըստ ՔԿ-ի, ձեռք են բերվել տվյալներ, որ «Արմենիկում+» ԲԲԸ-ի և «Միկա լիմիտեդ» ՍՊԸ-ի միջև 1999 թվականի մարտի 10-ին կնքվել է փոխառության պայմանագիր, որով վերջինս «Արմենիկում+» ԲԲԸ-ին որպես բիզնես ներդրում տրամադրել է 4 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից հետո, ըստ վարույթի նյութերի, «Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ն և «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն 1999 թվականի դեկտեմբերի 1-ին կազմել են կեղծ փոխառության պայմանագիր, ըստ որի՝ իբր «Արմենիկում+» ԲԲԸ-ն «Արմենիկում» ՓԲԸ-ին 6 տարի ժամկետով տրամադրել է շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ։ Հետագայում, ըստ ՔԿ-ի, կազմվել են նաև այդ պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։

Նախաքննության վարկածով՝ «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն, ընկերության գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի, «Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ի և նույն ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Բ.-ի հետ 2011-2018 թվականներին կազմել և ստորագրել է փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր։ Դրանցով, ըստ մեղադրանքի, ձևավորվել է իբր «Արմենիկում+» ԲԲԸ-ի կողմից «Արմենիկում» ՓԲԸ-ի նկատմամբ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամի պարտավորություն։

ՔԿ-ի տվյալներով՝ Ա.Մ.-ն հետագայում փորձել է այդ պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով։ Մասնավորապես, «Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Լ.Գ.-ի մահից հետո նա, ըստ քննության, 2021 թվականի մայիսի 24-ի թվագրմամբ կազմել է ընկերության բաժնետերերի ժողովի բովանդակային առումով կեղծ արձանագրություն և այն ներկայացրել իրավասու պետական մարմնին՝ այդ կերպ ապօրինի ստանձնելով «Արմենիկում+» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ պահպանելով նաև «Արմենիկում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Այնուհետև, ըստ վարույթի, հայցային վաղեմության ժամկետների պահպանված լինելու հանգամանքը հիմնավորելու համար օգտագործվել են 2015 թվականի նոյեմբերի 30-ի ժամանակագրությամբ կազմված կեղծ պայմանագիրն ու փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտերը։ Դրանց հիման վրա 2025 թվականի նոյեմբերի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվել է 100% պետական մասնակցությամբ «Արմենիկում» ՓԲԸ-ից շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ պահանջելու հայց, որը դեռ քննության փուլում է։

«Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 479-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դրանք վերաբերում են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու փորձին, առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձին, կեղծ ապացույցներ ներկայացնելուն և կեղծ փաստաթղթեր իրացնելուն, պատրաստելուն կամ օգտագործելուն։

Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ «Արմենիկում» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի, «Արմենիկում+» ԲԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա.Բ.-ի և «Արմենիկում+» ԲԲԸ-ի նախկին տնօրեն Լ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու և մահվան հիմքերով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

ՔԿ-ն հիշեցրել է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ